Ալեքսանդր Ֆլեմինգ
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Ալեքսանդր Ֆլեմինգ (անգլ.՝ Sir Alexander Fleming, օգոստոսի 6, 1881(1881-08-06)[1][2][3][…], Lochfield - մարտի 11, 1955(1955-03-11)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի մանրէաբան։ Բացահայտել և ստացել է առաջին հակաբիոտիկը՝ պենիցիլինը (բենզիլպենիցիլինը) բորբոսասնկերից և օրգանիզմի բնական դիմադրողականության գործոններից մեկը՝ լիզոցիմը։ Երկու հայտնագործություններն էլ պատահաբար են կատարվել։ Հայտնագործությունները կատարվել էն XX դարի 20-ական թվականներին։ Մի օր, երբ Ֆլեմինը հիվանդ էր, իր քթի լորձից ցանքս է կատարում Պետրիի թասիկում, որում բակտերիաներ կային և մի քանի օրից հայտնաբերեց, որ այն տեղերում, որտեղ լորձ էր քսվել, բակտերիաները ոչնչացվել էին։ Լիզոցիմի մասին առաջին հոդվածը լույս տեսավ 1922 թ.։
Երկրորդ հայտնագործությունը կարելի է ասել Ֆլեմինգի լաբորատորիայի անկարգության պատճառով է կատարվել։ 1928 թվականին գիտնականը նկատեց, որ Պետրիի թասիկում աճեցված Staphylococcus aureus մանրէներով միջավայրում աճել են նաև բորբոսասնկեր։ Հետաքրքիր էր, որ բորբոսասնկերի շուրջը մանրէների աճը կասեցվել էր։ Ֆլեմինգին հաջողվեց բորբոսասնկերից անջատել մանրէներին սպանող նյութ՝ պենիցիլին։ Այդ մասին հոդվածը տպագրվեց 1929 թ.։
Ֆլեմինգի աշխատանքը շարունակեցին Հովարդ Ֆլորին և Էռնեստ Բորիս Չեյնը, որոնք մշակեցին պենիցիլինի ստացման և անջատման մեթոդիկան[14]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պենիցիլինի զանգվածային արտադրությունը հազարավոր մարդկանց կյանք փրկեց։
1945 թ. Ֆլեմինգը, Հովարդ Ֆլորին և Էռնեստ Բորիս Չեյնը արժանացան Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում։ 1999 թ. Թայմս ամսագիրը Ֆեմինգին անվանել է XX դարի 100 ամենակարևոր մարդկանցից մեկը՝ պենիցիլինի հայտնաբերման համար։ Ըստ ամսագրի, այդ հայտնագործությունը փոխել է պատմության ընթացքը։ Պենիցիլինի զանգվածային արտադրության և կիրառման շնորհիվ հաջողվեց պայքարել այնպիսի հնագույն հիվանդությունների դեմ, ինչպիսիք են սիֆիլիսը, գանգրենան, տուբերկուլյոզը։