Մանրէաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Մանրէաբանություն, մանրէակենսաբանություն, միկրոբիոլոգիա, անզեն աչքով անտեսանելի էակները՝ միկրոօրգանիզմներն ուսումնասիրող գիտություն, ձևավորվել է մանրադիտակի գյուտից հետո։ Նրա առաջացումից մի քանի հազար տարի առաջ մարդը, չիմանալով միկրոօրգանիզմների գոյության մասին, դրանք օգտագործում էր կաթնաթթվային մթերքների, գինու, քացախի պատրաստման համար։ Մանրէաբանությունն սկսել է բուռն զարգանալ XIX դարի 2-րդ կեսից, երբ պարզվեց մանրէների առաջատար դերը տարբեր կենսաբանական պրոցեսներում, հատկապես վարակիչ հիվանդությունների առաջացման գործում։ Մանրէաբանության հիմնադիրներն են Լ. Պաստյորը, Ռ. Կոխը և Ի. Մեչնիկովը, որոնք բացահայտել են մանրէների ախտածին դերը և մշակել վարակիչ հիվանդությունների անընկալունակության հիմունքները։ Այժմ նրա որոշ բաժիններ՝ բժշկության, անասնաբուժության, գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման պահանջներին համապատասխան, ձևավորվել են որպես առանձին գիտություններ։