Բերտոլդ Բրեխտ
From Wikipedia, the free encyclopedia
Բերտոլդ Բրեխտ (գերմ.՝ Bertolt Brecht, լրիվ անունը՝ Օյգեն Բերտոլդ Ֆրիդրիխ Բրեխտ (Eugen Berthold Friedrich Brecht)[14], փետրվարի 10, 1898(1898-02-10)[1][2][3][…], Աուգսբուրգ, Գերմանական կայսրություն, Բավարիայի թագավորություն[4] - օգոստոսի 14, 1956(1956-08-14)[4][1][2][…], Արևելյան Բեռլին[5]), գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր, թատերական գործիչ, արվեստի տեսաբան, «Բեռլին անսամբլ» թատրոնի հիմնադիր։
Ծնվել է Բավարիայում։ Դեռևս դպրոցական տարիների իր ստեղծագործություններում հանդես է եկել ընդդեմ պատերազմի։ Ֆաշիզմի տարիներին զրկվել է Գերմանիայի քաղաքացիությունից, աշխատել տարբեր երկրներում, ֆաշիզմի պարտությունից հետո վերադարձել է Արևելյան Բեռլին։ Նշանավոր գործերից են՝ «Բարի մարդը Սեզուանից», «Գալիլեյի կյանքը», «Երեքգրոշանոց օպերա», «Սպանդանոցների սուրբ Հովհաննան», «Երրորդ ռայխի ահն ու հուսահատությունը», «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները», «Արտուրո Ուիի կարիերան», «Շվեյկը Երկրորդ աշխահամարտում», «Կովկասյան կավճե շրջան» և այլ թատերգություններ, դրանց ինքնատիպ բեմականացումներ, հատընտիր բազմաթիվ բանաստեղծություններ։
Բրեխտի՝ բանաստեղծի և դրամատուրգի ստեղծագործությունը, ինչպես և նրա «էպիկական թատրոնի» տեսությունն ու քաղաքական հայացքները միշտ առաջ են բերել բանավեճեր։ Այդուհանդերձ՝ արդեն 50-ական թվականներին Բրեխտի պիեսները հիմնավորապես մտան եվրոպական թատրոնների խաղացանկերի մեջ, նրա գաղափարները այս կամ այն կերպ ընդունվեցին իր ժամանակի շատ դրամատուրգների, այդ թվում՝ Ֆրիդրիխ Դյուրենմատի, Արթյուր Ադամովի, Մաքս Ֆրիշի, Հայներ Մյուլլերի կողմից։
«Էպիկական թատրոնի» տեսությունը, հետպատերազմյան տարիներին գործնականում կիրառվելով Բրեխտ ռեժիսորի կողմից, սկզբունքորեն նոր հնարավորություններ բացեց բեմարվեստի համար և էական ազդեցություն ունեցավ XX դարի թատրոնի զարգացման վրա[15]։