Գերմանական կայսրություն
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանական կայսրությունը (գերմաներեն։ Deutsches Kaiserreich, թարգմանաբար՝ Գերմանական կայսրերի տերություն, պաշտոնապես` Գերմանական Ռայխ)[1][2][3][4] նաև հայտնի որպես Կայսերական Գերմանիա[5],, եղել է Գերմանական ազգային պետություն[6], որը գոյություն է ունեցել 1871 թվականի Գերմանիայի վերամիավորումից մինչև 1918 թվականի Վիլհելմ II-ի գահընկեցությունը։
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Լեզու | գերմաներեն | ||||
Ազգություն | գերմանացիներ | ||||
Արժույթ | Մարկ |
Այն հիմնադրվել է 1871 թվականին, երբ հարավ գերմանական պետությունները միավորվեցին Հյուսիսգերմանական կոնֆեդերացիայի հետ։ 1871 թվականի հունվարի մեկին ուժի մեջ մտավ նոր սահմանադրությունը, որով փոխվեց դաշնային պետության անվանումը և ներդրվեց կայսրի տիտղոսը, որը տրվեց Պրուսիայի թագավոր Վիլհելմ I-ին Հոհենցոլերնների տոհմից[7]։ Բեռլինը մնաց մայրաքաղաք։ Օտտո ֆոն Բիսմարկը մնաց կանցլեր և կառավարության ղեկավար։ Չնայած այս իրադարձություններին Պրուսիայի ղեկավարությամբ Հյուսիսգերմանական կոնֆեդերացիան և նրա հարավային գերմանական դաշնակիցները դեռ պատերազմում էին Ֆրանսիայի դեմ։
Գերմանական կայսրությունը բաղկացած էր 26 պետությունից, որոնցից շատերը ղեկավարում էին ազնվական ընտանիքները։ Այն ներառում էր չորս միապետություններ, վեց մեծ իշխանություններ, հինգ դքսություններ (վեց մինչև 1876 թվականը), յոթ իշխանություններ, երեք ազատ կայսերական քաղաքներ և մեկ կայսերական տարածք։ Չնայած Պրուսիայի թագավորությունը մեկն էր մի շարք պետություններից, այն ներառում էր Գերմանիայի բնակչության ու տարածքի մոտ երկու երրորդը։ Պրուսիայի առավելությունները ամրագրվել էին նաև սահմանադրությամբ։
1850 թվականից հետո Գերմանական պետությունները արագորեն արդյունաբերացվեցին, հիմնական ճյուղերն էին ածուխը, երկաթը, քիմիական նյութերը և երկաթգծերը։ 1871 թվականին Գերմանիայի բնակչությունը 41 միլիոն էր, իսկ 1913 թվականին այն դարձավ 68 միլիոն։ 1815 թվականի հետամնաց գյուղական բնակչությամբ գերմանական պետությունները այժմ միավորված արդյունաբերական և ուրբանիզացված պետություն էին դարձել[8]։ 47 տարվա գոյատևման ընթացքում Գերմանիան որպես արդյունաբերական, տեխնոլոգիական և գիտական հսկա, ունեցել էր գիտության բնագավառում ավելի շատ Նոբելյան մրցանակներ, քան որևէ այլ երկիր[9]։ 1900 թվականի դրությամբ Գերմանիայի տնտեսությունը խոշորագույնն էր Եվրոպայում, առաջ անցնելով անգամ Միացյալ Թագավորությունից` դառնալով երկրորդը աշխարհում ԱՄՆ-ից հետո[10]։
1867-ից 1878/9 թվականներին Գերմանիայի առաջին և մինչ օրս ամենաերկար կառավարած կանցլերն էր Օտտո ֆոն Բիսմարկը, որը սկբնական շրջանում լիբերալ էր, սակայն հետագայում դարձավ ավելի պահպանողական։ Նրա ղեկավարման շրջանում իրականացվեցին բազմաթիվ բարեփոխումներ և Կուլտուրկամպֆը։ Հետագայում Բիսմարկի կանցլերության վերջում, նրան հակառակ, գերմանիան սկսվեց ներքաշվել գաղութատիրության մեջ։ Գաղութականացնելով դեռևս չգաղութականացված տարածքներ` այն դարձավ երրորդ ամենամեծ գաղութատիրական կայսրությունը Բրիտանիայից և Ֆրանսիայից հետո[11]։ Որպես գաղութատիրական պետություն Գերմանիան ժամանակ առ ժամանակ բախվում էր մյուս Մեծ տերությունների հետ, հատկապես Բրիտանիայի հետ։
Գերմանիան դարձավ գերտերություն` կառուցելով զարգացած երկաթուղային ցանց, աշխարհի ուժեղագույն բանակը և արագորեն աճող արդյունաբերություն[12]։ Մեկ տասնամյակից քիչ ժամանակահատվածում Գերմանիայի նավատորմը դարձավ երկրորդը Բրիտանական նավատորմից հետո։ Բիսմարկի հեռացումից հետո 1890 թվականին Վիլհելմ II-ի օրոք Գերմանիան վարեց ավելի ագրեսիվ քաղաքականություն, ինչը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառներից մեկը։ Ի հակառակ Գերմանիայի ագրեսիվ քաղաքականությանը, Եվրոպայի տերությունները միմյանց հետ սկսեցին ձևավորել դաշինքներ և վերջին հաշվով մեկուսացրեցին Գերմանիային։ Այս շրջանում կայսրի որոշումների վրա ազդեցություն ունեցան տարբեր գործոններ, որոնք հաճախ հանրության կողմից դիտվում էին իրարամերժ կամ անկանխատեսելի։ 1879 թվականին Գերմանական կայսրությունը կնքեց դաշինք Ավստրո-Հունգարիայի հետ, դրան հաջորդեց Եռյակ դաշինքը Իտալիայի միացմամբ 1882 թվականին։ Նաև ջերմ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Օսմանյան կայսրության հետ։ Երբ սկսվեց 1914 թվականի մեծ ճգնաժամը, Իտալիան դուրս եկավ դաշինքից, փոխարենը Օսմանյան կայսրությունը պաշտոնապես դաշինք կնքեց Գերմանիայի հետ։
Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիան պլանավորել էր արագորեն գրավել Փարիզը 1914 թվականի ամռանը, սակայն անհաջող։ Արևմտյան ռազմաճակատում պատերազմը դարձավ նստակյաց։ Դաշնակիցների նավատորմի շրջափակումը բերեց սննդամթերքի դիֆիցիտի։ Այնուամենայնիվ Գերմանիան հաջող էր գործում Արևելյան ճակատ և Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Գերմանիային անցան լայնարձակ տարածքներ։ 1917 թվականի սկզբին Գերմանիան հատարարեց անսահմանափակ սուզանավային պատերազմ, ինչը հրահրեց ԱՄՆ-ին ներքաշվել պատերազմում։
Բարձր հրամանատարությունը Պաուլ ֆոն Հինդենբուրգի և Էրիխ Լյուդենդորֆի գլխավորությամբ վերահսկում էին երկիրը, սակայն 1918 թվականի գարնանը երբ չհաջողվեց գրոհը, գերմանական բանակները նահանջեցին, իսկ նրա դաշնակից Ավստրո-Հունգարիան և Օսմանյան կայսրությունը փլուզվեցին, Բուլղաիան հանձնվեց։ Գերմանական կայսրությունը փլուզվեց 1918 թվականի նոյեմբերի հեղափոխության արդյունքում և պաշտոնանկ եղան ղեկավարները։ Փոխարենը ստեղծվեց հետպատերազմական դաշնային հանրապետություն, որը արդեն սնանկացած էր և հանրության դժգոհությունները հող հանդիսացան հետագայում Ադոլֆ Հիտլերի և Նացիզմի վերելքին։