Նախագահական երկրորդ ժամկետի անեծք
From Wikipedia, the free encyclopedia
Նախագահական երկրորդ ժամկետի անեծք, ընդունված միտում, ըստ որի՝ ԱՄՆ նախագահները իրենց երկրորդ պաշտոնավարման ընթացքում ավելի քիչ հաջողություններ են արձանագրում, քան առաջինի ընթացքում[1][2]։ «Անեծքի» համաձայն՝ ԱՄՆ նախագահների երկրորդ ժամկետները նշանավորված են եղել խոշոր սկանդալներով, քաղաքական լճացմամբ, տարբեր տեսակի աղետներով կամ այլ խնդիրներով[3][4][5]։ Մինչ օրս նախագահական երկրորդ ժամկետի արժանացած 21 նախագահ է եղել ԱՄՆ-ում[6], որոնցից յուրաքանչյուրն էլ որոշակի դժվարությունների է հանդիպել։ Այս անեծքի հետ կապված մի լեգենդ կա, որի համաձայն՝ այն սկսվել է, երբ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը, փաստացի խախտելով երկրորդ ժամկետը, առաջադրվել է երրորդ ժամկետի համար, և դրանից հետո նրա հոգին անեծք է դրել բոլոր այն նախագահների վրա, որոնք ձգտում են պաշտոնավարման երկրորդ ժամկետի[4][5]։ Չնայած դրան՝ մի քանի նախագահներ, որոնք պաշտոնավարել են մինչև Ռուզվելտը, որոնցից է եղել նաև նախագահ Վաշինգտոնը, նույնպես ենթարկվել են այս անեծքի ազդեցությանը[2]։ Թե արդյո՞ք այս անեծքն իրական է, թե ոչ, խիստ վիճելի է. օրինակ՝ քաղաքագետ Նեյթ Սիլվերը, վերլուծելով նախագահների հանդեպ ունեցած հանրային աջակցությունը՝ Հարի Ս. Թրումանից մինչև Բարաք Օբամա, հայտնաբերել է, որ հանրային աջակցությունը նախագահների նկատմամբ ավելի ցածր է պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում, բայց նա նաև գտել է մի շարք այլ պատճառներ՝ այս երևույթը բացատրելու համար։ Արդյունքում նա եկել է այն եզրահանգման, որ այդ անեծք կոչվածը՝ որպես վերլուծական հասկացություն, հիմնավոր չէ[7]։ Բացի այդ, քաղաքական վերլուծաբան Մայքլ Բարոնը նույնիսկ առանձնացրել է մի քանի նախագահների, ովքեր բավականին հաջող պաշտոնավարություն են ունեցել նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում, և նշել է, որ «երկրորդ ժամկետի ընթացքում առաջացած խնդիրները հիմնականում առաջացել են ստեղծված հանգամանքներին և չնախատեսված փոփոխություններին հարմարվել չկարողանալու պատճառով»[2]։ Հակառակ դրան՝ The Economist-ի 2013 թվականի զեկույցներից մեկում նշված էր, որ տվյալները փաստում են երկրորդ ժամկետի անեծքի իրական գոյությունը։ Զեկույցում նաև նշված էր, որ բոլոր 11 նախագահները՝ սկսած Թեոդոր Ռուզվելտից մինչև Ջորջ Բուշ կրտսեր, իրենց պաշտոնավարման երկրորդ ժամկետում տնտեսական ավելի քիչ հաջողություններ են ունեցել, քան առաջինում՝ բացի նախագահներ Թրումանից, Ռոնալդ Ռեյգանից և Բիլ Քլինթոնից[8]։ Նախագահական երկրորդ ժամկետի ամենավատ անեծքը եղել է նախագահի սպանությունը։ Այդ բախտին են արժանացել նախագահներ Աբրահամ Լինքոլնը և Ուիլիամ Մաք-Քինլին՝ սպանվելով համապատասխանաբար 1861 և 1905 թվականներին։