Սթենլի Կուբրիկ
From Wikipedia, the free encyclopedia
Սթենլի Կուբրիկ (անգլ.՝ Stanley Kubrick, հուլիսի 26, 1928(1928-07-26)[1][2][3][…], Բրոնքս շրջան, ԱՄՆ[4] - մարտի 7, 1999(1999-03-07)[2][3][5][…], Չիլդվիք Բերի, St Michael, Սենթ Օլբանս, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][6][7]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Համարվում է կինոարտադրության պատմության մեծագույն և ամենաազդեցիկ կինոռեժիսորներից մեկը։ Նրա ֆիլմերը, որոնք հիմնականում վեպերի և կարճ պատմվածքների էկրանավորումներ են, անդրադառնում են տարբեր ժանրերի և հատկանշական են իրենց ռեալիզմով, սև հումորով, յուրօրինակ կինեմատոգրաֆիական լուծումներով, նկարահանման հրապարակի ընդգրկուն դիզայնով և զգացմունքային երաժշտության կիրառմամբ։ Կուբրիկը մեծացել է Բրոնքսում, Նյու Յորք, և 1941 թվականից մինչև 1945 թվականները հաճախել է Ուիլյամ Հովարդ Տաֆտ ավագ դպրոց։ Թեև դպրոցում ստանում էր միջին գնահատականներ, սակայն երիտասարդ տարիքից մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գրականության, լուսանկարչության և կինեմատոգրաֆիայի ոլորտներում և ավագ դպրոցն ավարտելուց հետո սովորել է ֆիլմարտադրության և ռեժիսուրայի ոլորտների բոլոր մանրուքները։ 1940-ականների վերջում և 1950-ականների սկզբում Look (Լուք) ամսագրում լուսանկարիչ աշխատելուց հետո Կուբրիկը սկսեց լուսանկարել փոքր բյուջեով կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես նաև 1956 թվականին United Artists (Յունայթեդ արտիստս) կինոընկերության համար նկարահանեց իր առաջին կարևոր հոլիվուդյան «Սպանություն» ֆիլմը։ Սրան հետևեց երկու համագործակցություն Քըրք Դուգլասի հետ՝ Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին պատմող «Փառքի արահետները» (1957) և պատմական «Սպարտակ» ֆիլմը (1960)։ Նրա հեղինակությունը որպես կինոռեժիսոր աճում էր Հոլիվուդում, և նրան է մոտենում Մառլոն Բրանդոն՝ «Միաչքանի տղամարդիկ» (1961) ֆիլմը նկարահանելու առաջարկով, սակայն վերջում Բրանդոն որոշում է ինքը լինել ֆիլմի ռեժիսորը։
Սթենլի Կուբրիկ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 26, 1928(1928-07-26)[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Բրոնքս շրջան, ԱՄՆ[4] |
Վախճանի թիվ՝ | մարտի 7, 1999(1999-03-07)[2][3][5][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Չիլդվիք Բերի, St Michael, Սենթ Օլբանս, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][6][7] |
Ազգություն՝ | ամերիկյան ծագմամբ հրեաներ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ, լուսանկարիչ, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող, կինոօպերատոր, գործադիր պրոդյուսեր, շախմատիստ, բեմանկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000040 |
kubrickfilms.com |
Քըրք Դուգլասի և կինոստուդիաների հետ ունեցած ստեղծագործական անհամաձայնությունները, հոլիվուդյան կինոարտադրության հանդեպ ունեցած անհավանությունը և Ամերիկայում հանցագործությունների շուրջ աճող անհանգստությունը ստիպեցին Կուբրիկին 1961 թվականին տեղափոխվել Մեծ Բրիտանիա, որտեղ Կուբրիկն անցկացրեց իր կյանքի մեծ մասը։ Հարֆորդշիրի իր տունը, որը Կուբրիկը կիսում էր իր կնոջ՝ Քրիստիանի հետ, դարձավ ռեժիսորի աշխատասենյակը, որտեղ նա գրում էր, ուսումնասիրություններ կատարում, խմբագրում և զբաղվում ֆիլմարտադրության հետ կապված այլ հարցերով։ Այս միջավայրը նրան հնարավորություն տվեց լիակատար ստեղծագործական վերահսկողություն ունենալ իր ֆիլմերի վրա, սակայն զրկեց հոլիվուդյան հայտնի կինոստուդիաների ֆինանսավորումից։ Բրիտանական արտադրության նրա առաջին երկու ֆիլմերն են «Լոլիտան» (1962) և «Դոկտոր Սթրեյնջլավը» (1964)՝ Պիտեր Սելլերսի մասնակցությամբ։
Լինելով պահանջկոտ կատարելապաշտ՝ Կուբրիկը վերահսկում էր ֆիլմարտադրության գործընթացի գրեթե բոլոր կողմերը՝ սցենարից և ռեժիսորական աշխատանքից մինչև մոնտաժը, անսահման նվիրվածություն էր ցուցաբերում իր ֆիլմերի ստեղծման և տեսարանների նկարահանման գործընթացին՝ անընդհատ շփման մեջ լինելով իր դերասանների և գործընկերների հետ։ Երբեմն Կուբրիկը պահանջում էր նույն տեսարանը նկարահանել ավելի քանի տասն անգամ, որը պատճառ էր հանդիսանում իր և դերասանական անձնակազմի միջև հաճախակի տարաձայնությունների։
Թեև Կուբրիկի ֆիլմերը վատ համբավ էին բերում որոշ դերասանների, կինոարտադրության ոլորտում դրանք դառնում էին նորարարություններ։ «2001 թվականի տիեզերական ոդիսականը» (1968 թ.) ֆիլմի գիտական ռեալիզմը և նորարարական հատուկ Էֆեկտները կինոարտադրության ոլորտում աննախադեպ էին, և այս ֆիլմի շնորհիվ Կուբրիկն արժանացավ իր միակ Օսկարին՝ Լավագույն վիզուալ էֆեկտների համար։ Սթիվեն Սփիլբերգն այս ֆիլմը կոչել է իր սերնդի «մեծ պայթուն», և այն համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը։ 18-րդ դարի իրադարձությունների մասին պատմող «Բարրի Լինդոն» (1975) ֆիլմի նկարահանման համար Կուբրիկը ձեռք է բերել ՆԱՍԱ-յի համար արտադրված «Կառլ Ցայսի» տեսապակիներ՝ մոմի բնական լույսի տակ նկարահանումներ իրականացնելու համար։ Իր «Փայլատակում» (1980) ֆիլմով Կուբրիկն առաջին ռեժիսորներից էր, որն օգտագործել է ստեդիկամ (steadicam)՝ բարդ նկարահանումներ իրականացնելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ Կուբրիկի ֆիլմերը խնդրահարույց էին և արժանանում էին բազմատեսակ արձագանքների՝ մասնավորապես «Լարովի նարինջը» (1971), որը Կուբրիկը Մեծ Բրիտանիայում հանեց շրջանառությունից լրատվամիջոցների մոլեգնությունը զսպելու նպատակով, դրանք առաջադրվում էին Օսկարի, Ոսկե Գլոբուսի կամ Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակի և ենթարկվում էին կինոքննադատների վերաարժևորումներին։ Կուբրիկի վերջին ֆիլմը՝ «Լայն փակված աչքերով», ավարտին է հասցվել Կուբրիկի մահվանից կարճ ժամանակ առաջ՝ 1999 թվականին, երբ ռեժիսորն արդեն 70 տարեկան էր։