Հիպոնատրեմիա
From Wikipedia, the free encyclopedia
Հիպոնատրեմիա, արյան պլազմայում նատրիումի ցածր քանակություն[1]։ Այն հիմնականում սահմանվում է նատրիումի խտության ավելի քիչ քան 135 մմոլ/լ (135 միլիգրամ-էկվիվալենտ-լիտրում), իսկ ծանր դեպքերում 120 միլիգրամ-էկվիվալենտ-լիտրում և ցածր ցուցանիշով[2][3]։ Ախտանիշները կարող են բացակայել, լինել թեթև կամ ծանր[4][5]։ Թեթև ախտանիշներ են՝ մտածելու ընդունակության վատացումը, գլխացավերը, սրտխառնոցը և հավասաարակշռության խանգարումը[2]։ Ծանր ախտանիշներն են՝ շփոթվածությունը, ցնցումները, կոման[4][5]։
Հիպոնատրեմիա | |
---|---|
Տեսակ | հիվանդություն, ոչ նորմալ ցածր ծավալ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | նեֆրոլոգիա |
ՀՄԴ-9 | 276.1 |
ՀՄԴ-10 | E87.1 |
Hyponatraemia Վիքիպահեստում |
Հիպոնատրեմիայի պատճառները դասակարգվում են ըստ շրջանառվող արյան ծավալի քանակի՝ ցածր, նորմալ կամ բարձր ծավալային[1]։ Ցածր ծավալային հիպոնատրեմիան առաջանում է փորլուծության, փսխման, միզամուղների կիրառման և քրտնարտադրության պատճառով[1]։ Նորմալ ծավալային հիպոնատրեմիան բաժանվում է՝ նոսրացված մեզով և կոնցենտրացված մեզով[1]։ Նոսրացված մեզ առաջանում է մակերիկամային անբավարարության, հիպոթիրեոզի և մեծ քանակի ջրի կամ գարեջրի օգտագործման դեպքում[1]։ Կոնցենտրացված մեզը առաջանում է հակամիզամուղային հորմոնի էկտոպիկ արտադրման համախտանիշի ժամանակ[1]։ Բարձր ծավալային հիպոնատրեմիան առաջանում է սրտային անբավարարության, լյարդի գործառույթի ընկճման և երիկամային անբավարարության ժամանակ[1]։ Կեղծ հիպոնատրեմիա առաջանում է, երբ սպիտակուցների՝ բազմակի միելոմայի ժամանակ, ճարպաթթուների և գլյուկոզայի մակարդակը արյան մեջ բարձրանում է[6][7]։
Բուժումը կախված է պատճառից[1]։ Հիպոնատրեմիայի շատ արագ շտկումը կարող է բերել բարդությունների[6]։ Արագ շտկում 3%-անոց սալինով խորհուրդ է տրվում միայն ախտանիշների նշանակալի արտահայտվածության և արագ առաջացած հիպոնատրեմիայի ժամանակ[1][7]։ Հիպոնատրեմիան հիմնականում բուժվում է ներերակային նորմալ սալինի ներարկմամբ[1]։ Հակամիզամուղային հորմոնի էկտոպիկ արտադրության համախտանիշը սովորաբար բուժվում է հեղուկի սահմանափակմամբ, իսկ մեծ ծավալային հիպոնատրեմիան՝ և՛ հեղուկների և՛ աղի սահմանափակմամբ[1]։ 2 և ավելի օր հիպոնատրեմիա ունենալու դեպքում շտկումը հիմնականում կատարվում է աստիճանաբար[1]։
Հիվանդանոց ընդունվածների մոտ 20%-ի մոտ, իսկ հատուկ մկանային վարժություններից հետո միայն 10%-ի մոտ է առաջանում հիպոնատրեմիա[2][6]։ Այս խմբի մոտ հիպոնատրեմիան ունի մահվան բարձր ռիսկ[6]։ ԱՄՆ-ում հիպոնատրեմիայի տնտեսագիտական արժեքը գնահատվում է 2.6 միլիարդ ԱՄՆ դոլար[8]։