Փսխում
ստամոքսի պարունակության ակամա դուրս գալը բերանի և երբեմն նաև քթի միջով / From Wikipedia, the free encyclopedia
Փսխումը ստամոքսի պարունակության ակամա, ուժգին դուրսբերումն է բերանի խոռոչով, երբեմն այդ պարունակությունը կարող է լցվել քթի խոռոչ կամ շնչափող[1][2]։ Փսխումը բարդ ռեֆլեկտոր գործողություն է, որը կարող է դրսևորվել որպես որոշ հիվանդությունների և թունավորումների բնորոշ ախտանիշ կամ հանդիպում է որպես այլ հիվանդությունների (օրինակ՝ գլխուղեղի ուռուցքներ, բարձր ներգանգային ճնշում կամ իոնացնող ճառագայթներով ճառագայթահարումը) ոչ յուրահատուկ հետևանք։ Մոտալուտ փսխման զգացողությունը կոչվում է սրտխառնոց, որը հաճախ նախորդում է փսխմանը, սակայն միշտ չէ, որ այն ավարտվում է փսխումով։ Սրտխառնոցը և փսխումը զսպելու նպատակով երբեմն կարիք է լինում կիրառել հակափսխեցուցիչ դեղեր։ Ծանր դեպքերում, երբ զարգանում է ջրազրկում, անհրաժեշտ է լինում կատարել նաև հեղուկների ներերակային ներարկում[3]։
Փսխումը տարբերվում է ռեգուրգիտացիայից (սննդային հետոսք), չնայած երբեմն այս եզրույթները օգտագործվում են միմյանց փոխարեն։ Ռեգուրգիտացիան չմարսված սննդի անցումն է կերակրափողից բերանի խոռոչ, որը տեղի է ունենում առանց ջանքերի գործադրման և չեն լինում տհաճ զգացողություններ, որոնք բնորոշ են փսխմանը։ Փսխման և ռեգուրգիտացյաի պատճառներն, ընդհանուր առմամբ, տարբեր են լինում[4][5]։