Հեպատիտ C
From Wikipedia, the free encyclopedia
Հեպատիտ C[2], հեպատիտ C-ի վիրուսով (HCV) առաջացած վարակիչ հիվանդություն, որը հիմնականում ազդում է լյարդի վրա[3]։ Վարակի նախնական փուլը մարդկանց մոտ լինում է հաճախ մեղմ կամ անախտանիշ։ Երբեմն լինում է ջերմություն, մուգ գույնի մեզ, որովայնի ցավ և մաշկի դեղնություն։ Վիրուսը շարունակում է մնալ լյարդում վարակվածների մոտավորապես 75-85%-ի մոտ։ Քրոնիկական վարակի նախնական շրջանում սովորաբար ախտանիշներ չեն դրսևորվում։ Տարիների ընթացքում այն հաճախ հանգեցնում է լյարդի հիվանդության և երբեմն՝ ցիռոզի։ Որոշ դեպքերում, ցիռոզով հիվանդների մոտ զարգանում են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են՝ լյարդային անբավարարությունը, լյարդի քաղցկեղը, կերակրափողի և ստամոքսի երակների լայնացումները։
Հեպատիտ C | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | Հեպատիտ C վիրուս |
Հիվանդության ախտանշաններ | սրտխառնոց[1], Դեղնախտ, փսխում[1], հոգնածություն, որովայնային ցավ, Հոդացավ, անորեքսիա, Ջրգողություն, Լյարդի ցիռոզ, չարորակ ուռուցք, հեպատիտ[1], Պորտալ հիպերտենզիա և Caput medusae? |
Վնասում է | լյարդ |
Բուժաքննություն | արյան բիոքիմիական հետազոտություն, բիոպսիա, Պոլիմերազային շղթայական ռեակցիա և ELISEA? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
Բուժում | Հակավիրուսային դեղեր և liver transplantation? |
Hepatitis C Վիքիպահեստում |
Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։ Ամբողջ աշխարհում շուրջ 130–170 միլիոն մարդ վարակված է հեպատիտ C-ով։ Հեպատիտ C-ի վիրուսի (HCV) առկայությունը (նախապես անվանվել է «ոչ-Ա ոչ-Բ հեպատիտ») հաստատվել է 1970-ականներին և ապացուցվել է 1989 թվականին[4]։ Հեպատիտ C-ն հանդիպում է միայն մարդկանց և շիմպանզեների մոտ[5]։
Մշտակայող վարակը կարող է բուժվել դեղերի միջոցով։ Ստանդարտ բուժումն իրենից ներկայացնում է պեգինտերֆերոնի և ռիբավիրինի համակցությունը, որոշ դեպքերում՝ բոկոպրևիրի կամ տելապրևվիրի հետ միասին։ Բուժում ստացածների 50-80%-ը բուժվում է։ Լյարդի ցիռոզ կամ քաղցկեղ ունեցողների մոտ առաջանում է լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն և հեպատիտ C-ն լյարդի փոխպատվաստման պատճառների մեջ գրավում է առաջին տեղը, սակայն փոխպատվաստումից հետո սովորաբար վիրուսը կրկին հայտնվում է[6]։ Ներկայումս հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի։