Թուրք-պարսկական պատերազմ (1821-1823)
From Wikipedia, the free encyclopedia
Թուրք-պարսկական պատերազմ, 1821-1823 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն Արևմտյան Հայաստանի, Միջագետքի և Հյուսիսարևմտյան Իրանի տարածքում՝ Օսմանյան կայսրության և Ղաջարական Իրանի միջև[2]։ Հայտնի է որպես «թուրք-պարսկական վերջին պատերազմ»[3]։
Թուրք-պարսկական պատերազմ 1821-1823 | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Թուրք-պարսկական պատերազմներ | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Իրան | Օսմանյան կայսրություն | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Ֆաթհ-Ալի շահ | Մահմուդ II |
Պատերազմի պատճառը թուրք-պարսկական դարավոր հակամարտությունն էր։ Սեֆյան Իրանի հիմնադրման պահից՝ 16-րդ դարի սկզբից, թուրքերը սկսել էին նվաճումներ իրականացնել Միջագետքում, Փոքր Ասիայում և Հայկական լեռնաշխարհում՝ բախվելով Սեֆյաններին[4]։ Օսմանյան կայսրությունը մշտապես ցանկացել է ընդլայնվել Իրանի տարածքների հաշվին՝ աջակցություն ստանալով հյուսիսարևմտյան գավառներում բնակվող թյուրքալեզու ղզլբաշներից։ 18-րդ դարում ունենալով դինաստիական փոփոխություն՝ Իրանը դարձյալ մնում է Թուրքիայի հետաքրքրության շրջանում։ Դարավերջին Իրանում գահ են բարձրանում Ղաջարիները, որոնք Իրանի տարածքային հզորացման սեփական ծրագիրն ունեին։ Պարսիկները երկու անգամ պարտվում են ռուսներին (1796, 1804-1813), և ուժեր են կուտակում՝ թուրքերի դեմ պատերազմ վարելու նպատակով։ Ռազմական գործողություններում առանձնապես ակտիվ էր պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզան՝ Ֆաթհ Ալի շահի որդին[5]։
Պատերազմի առիթը եղել է մեկ այլ ռազմական գործողություն, որը մղվում էր Հունաստանի անկախության համար (1821-1829)։ Օսմանյան կայսրությունը, 15-րդ դարում նվաճելով հարավարևելյան Եվրոպան (Բալկանյան թերակղզի) և օղակելով Սև ծովը, անհանգստություն էր պատճառում եվրոպական խոշոր տերություններին՝ Ավստրիային, Ռեչ Պոսպոլիտային (Լեհաստան) և Ռուսաստանին[6]։ Բացի այդ, փակելով միջազգային առևտրի ուղին (Մետաքսի մեծ ճանապարհ), թուրքերն իրենց դեմ էին հանել նաև Անգլիային, Ֆրանսիային և որոշ փոքր պետությունների, որոնք աշխույժ առևտուր էին կատարում Հնդկաստանի և Չինաստանի հետ։ Այդ պատճառներով եվրոպական երկրները պարբերաբար օգնում էին Բալկանյան թերակղզու քրիստոնեադավան ազգերին՝ պայքարելու թուրքական լծի դեմ։ Իրավիճակն ավելի սրվեց, երբ Օսմանյան կայսրությունը սկսեց թուլանալ. Նապոլեոն Բոնապարտի ներխուժումը Եգիպտոս (1798-1801), անգլիացիների հաղթանակը Էգեյան և Միջերկրական ծովերում (1807-1809), ռուսների հերթական հաղթանակը Կովկասում և Բալկանյան թերակղզում (1806-1812) և այլ իրադարձություններ քաջալերեցին հույներին՝ անկախության պատերազմ սկսել թուրքերի դեմ[7]։ Հույներին աջակցեցին եվրոպական տերությունները, որոնցից Ռուսաստանը հրահրեց թուրք-պարսկական մի նոր պատերազմ՝ օսմանյան բանակին ստիպելով կռվել երկու ճակատներում[8]։
Պատերազմն ավարտվել է 1823 թվականին Պարսկաստանի հաղթանակով։ Հուլիսի 28-ին պատմական Հայաստանի Էրզրում (Կարին) քաղաքում կնքվեց հաշտության պայմանագիր, որով երկու կողմերը առանց տարածքային փոփոխությունների ճանաչեցին 1639 թվականին կնքված Ղասրե Շիրինի պայմանագիրը։ Բացի այդ, իրանցի ուխտավորներին հնարավորություն տրվեց անխափան այցելել շիական օսմանահպատակ սրբավայրեր[9]։