Ֆոտոն
From Wikipedia, the free encyclopedia
Ֆոտոն (հին հունարեն՝ φῶς` «լույս»), տարրական մասնիկ, էլեկտրամագնիսական ճառագայթման (նեղ իմաստով՝ լույսի) քվանտ։ Ֆոտոնը չունի հանգստի զանգված և կարող է գոյություն ունենալ միայն լույսի արագությամբ շարժվելիս։ Ֆոտոնի էլեկտրական լիցքը նույնպես զրո է։ Ֆոտոնը կարող է գտնվել միայն երկու սպինային վիճակներում՝ շարժման ուղղության վրա ±1 սպինի պրոյեկցիայով (պարույրությամբ)։ Դասական էլեկտրադինամիկայում այս հատկությանը համապատասխանում է էլեկտրամագնիսական ալիքների շրջանային աջ և ձախ բևեռացումը։ Որպես քվանտային մասնիկ՝ ֆոտոնին ներհատուկ է մասնիկ-ալիքային երկվությունը, այսինքն՝ ֆոտոնը ունի և մասնիկին, և դը Բրոյլի ալիքին բնորոշ հատկանիշներ։ Հանգստի զանգվածի զրոյական լինելու փաստը հաշվի առնելով՝ մի շարք հեղինակներ ֆոտոնը համարում են քվազիմասնիկ[7][8]։ Քվազիմասնիկների նման, ֆոտոնն ունի զրոյական հանգստի զանգված, սակայն տարածման համար միջավայրի կարիք չունի, ինչպես մյուս տարրական մասնիկները։ Ֆոտոնը նշանակվում է տառով, այդ պատճառով հաճախ այն անվանում են գամմա-քվանտ (հատկապես բարձր էներգիայով ֆոտոնները)։ Ստանդարտ մոդելի տեսանկյունից ֆոտոնը տրամաչափային բոզոն է։ Վիրտուալ ֆոտոնները[9] էլեկտրամագնիսական ճառագայթումը կրողներն են, ուստի ապահովում են փոխազդեցություն, օրինակ, երկու էլեկտրական լիցքերի միջև[10]։ Ֆոտոնը Տիեզերքում ամենաշատ տարածված մասնիկն է։ Մեկ նուկլոնին ընկնում է շուրջ 20 միլիարդ ֆոտոն[11]։