Քաղաքացիական անհնազանդություն
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքացիական անհնազանդություն (լատին․՝ civili inobedientiae), ազնիվ և բացահայտ, առանց բռնի ուժի կիրառման հասարակության հրապարակային գործողություն, քաղաքացիական ակտիվության, զանգվածային բոյկոտի տեսակ, իշխող օրենքների, հարկերի, վարկերի, հրամանների նկատմամբ կարգազանց վարք, քաղաքացիական պարտականությունների կատարումից, նաև պետական ծառայություններից զանգվածային հրաժարում՝ խուսափելով իշխանությունների հետ բանակցությունների գնալուց։ Քաղաքացիական անհնազանդության նպատակն է հասարակական կարծիքը սևեռել առկա խնդիրների վրա և իշխանության աքիլլեսյան գարշապարի վրա անընդմեջ սեղմելով[1] օրենսդիր մարմիններին համոզել օրենքում փոփոխություններ կատարել կամ հասնել իշխանության պաշտոնանկության։ Ամենահզոր ձևերից է շրջափակումը։
Քաղաքացիական անհնազանդությունը քաղաքացիական հասարակության առկայության դեպքում է հնարավոր. չեն կարող իրականացնել առանձին քաղաքացիներ, պետք է լինեն հասարակության արդար պահանջի հետ համամիտ կառույցներ, որոնք իշխանությանը ետ կպահեն ուժային հանգուցալուծում տալու գայթակղությունից։ Սակայն քաղաքացիական անհնազանդությունը ոչ միշտ է ընթանում առանց բռնի ուժի կիրառման[2]։
Առաջին անգամ այս տերմինը կիրառել է Հենրի Թորոն (1849) Ռալֆ Էմերսոնը։ Այն ընկած է կրոնաբարոյական հոսանքի՝ տոլստոյականության (1880 - 1900-ական թվականներ) հիմքում։ Առաջինը աշխարհաքաղաքական նշանակություն է ստացել Մահաթմա Գանդիի շնորհիվ, որը գործնականորեն կիրառել է Հարավային Աֆրիկայում, հետագայում՝ Հնդկաստանում[3]։