Փորկապություն
From Wikipedia, the free encyclopedia
Փորկապություն, կղազատման ակտի (դեֆեկացիա) դժվարացումը կամ ցածր հաճախականությունը[1]։ Կղանքը հաճախ պինդ է և չոր[2]։ Մյուս ախտանշաններից են՝ որովայնային ցավը, վքնածությունը և ոչ լիարժեք կղազատման զգացումը[3]։ Փորկապության բարդություններից են թութքը, հետանցքի ճաքը, կղանքային քարերի առաջացումը, որոշ դեպքերում՝ դիվերտիկուլյոզը[2]։ Կղազատման հաճախականության նորմա է համարվում օրական երեքից մինչև շաբաթական երեք անգամը[2]։ Նորածինները օրական ունենում են երեքից չորս, իսկ մանուկները՝ հիմնականում երկուսից երեք դեֆեկացիոն ակտ[4]։
Փորկապություն | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
Constipation Վիքիպահեստում |
Փորկապության առաջացման պատճառները բազմազան են[2]։ Հաճախակի պատճառներից են՝ հաստ աղու լուսանցքով կղանքային մասսաների դանդաղ ընթացքը, գրգռված աղու համախտանիշը և կոնքի հատակի հիվանդությունները[2]։ Հիմնական փոխկապակցված հիվանդություններից են հիպոթիրոիդիզմը, շաքարային դիաբետը, Պարկինսոնի հիվանդությունը, ցելիակիան, գլյուտենի հանդեպ գերզգայունության այլ տիպերը, հաստ աղու ուռուցքը, դիվերտիկուլիտը և գրգռված աղու համախտանիշը[2][5][6][7]։ Փորկապություն առաջացնող դեղորայքներ են՝ օփիոիդները, որոշ անտացիդներ, կալցիումային անցուղիների ներհակորդները և անտիխոլիներգիկները[2]։ Օփիոիդային շարքի դեղորայք օգտագործողների 90 %-ի մոտ զարգանում է փորկապություն[8]։ Փորկապությունը ավելի անհանգստացնող է, երբ առկա է քաշի կորուստ կամ սակավարյունություն, կղանքում արյան առկայություն, հիվանդի ընտանեկան անամնեզում գրգռված աղու համախտանիշ կամ հաստ աղու ուռուցք, կամ հիվանդության առաջնային արտահայտում՝ մեծ տարիքում[9]։
Փորկապության բուժումը կախված է առաջացման պատճառից և տևողությունից[2]։ Օժանդակ միջոցառումների թվին են պատկանում բավարար քանակի հեղուկի ընդունումը, բջջանյութի ավելացումը սննդակարգում և վարժությունները[2]։ Եթե դա արդյունավետ չէ, հնարավոր է՝ կարիք լինի օգտագործել կղանքի ծավալը մեծացնող, փափկեցնող, օսմոտիկ և լուբրիկացիոն տիպի լուծողականներ[2]։ Պերիստալտիկան ակտիվացնող լուծողականները օգտագործվում են մյուսների անարդյունավետության դեպքում[2]։ Ուրիշ բուժումները ներառում են կենսաբանական հետադարձ կապ կամ հազվագյուտ դեպքերում՝ վիրահատություն[2]։
Ընդհանուր բնակչության մեջ փորկապության տարածվածությունը կազմում է 2-30 %[10]։ Ծերանոցներում ապրող տարեցների մոտ փորկապության տարածվածությունը 50-75 % է[8]։ ԱՄՆ-ի ազգաբնակչությունը փորկապության դեղամիջոցների համար տարեկան ծախսում է 250 մլն ԱՄՆ $[11]: