Փողոցային սնունդ
From Wikipedia, the free encyclopedia
Փողոցային սնունդ (անգլ.՝ streetfood), արագ սննդի տեսակ, պատրաստի ուտելիք և խմիչք, որը վաճառվում է առևտրականների կամ վաճառողների կողմից փողոցում կամ այլ հասարակական վայրերում (օրինակ՝ շուկաներ, տոնավաճառներ, մարզադաշտեր, երկաթուղային կայարաններ[1]) եւ նախատեսված է փողոցում անմիջական սպառման համար։ Նման սննդամթերքի վաճառքի համար նախատեսված են հատուկ կրպակներ, սայլեր, ֆուրգոններ և այլն։ Փողոցային ճաշատեսակների մեծ մասը նկատելիորեն ավելի էժան է, քան սրճարաններում կամ ռեստորաններում առաջարկվող նմանատիպ ուտեստները։
Փողոցային սննդի տեսակները մեծապես տարբերվում են երկրից երկիր և տարածաշրջան՝ պայմանավորված մշակութային ավանդույթներով[2]։ Փողոցային սննդի որոշ տեսակներ տեղական են մեկ երկրի կամ նույնիսկ որոշակի տարածաշրջանի համար (օրինակ՝ ակառաջե, յակիտորի), բայց շատերը ճանաչված են ամբողջ աշխարհում (օրինակ՝ հոթ-դոգ, պիցցա)։ Իր ցածր գնով և սպառման դյուրինության պատճառով փողոցային սնունդն ամեն օր կերակրում է մոտ 2,5 միլիարդ մարդու աշխարհում (ուսումնասիրություն անցկացվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից 2007 թվականին)[3].