Տուն (շինություն)
From Wikipedia, the free encyclopedia
Տուն, շինություն, վայր, որտեղ բնակվում են մարդիկ և (ընտանի) կենդանիները։ Տուն են համարվում տարբեր կառույցներ՝ սկսած քոչվորական պարզունակ շինություններից մինչև փայտե, աղյուսե, երկաթբետոնե կամ քարաշեն բարդ ճարտարապետական կառույցները՝ համալրված կոյուղով, ջրմուղով, էլեկտրականությամբ և օդափոխության համակարգով[1][2]։ Սովորաբար տունը ծառայում է որպես պատսպարան վատ եղանակից, քնի, սերնդի խնամքի և հանգստի համար։ Տները բաղկացած են տարբեր տանիքային համակարգերից՝ որոնք պաշտպանում են բնակելի տարածքը տեղումներից։ Տները կարող են ունենալ դռներ, այդ թվում՝ գաղտնի, որոնք պաշտպանում են տան բնակիչներին և ունեցվածքը կողոպտիչներից կամ այլ անցանկալի մարդկանցից։ Արևմտյան մշակույթում սովորական տների մեծամասնությունը բաղկացած է մեկ կամ ավելի ննջասենյակներից և լոգարաններից, խոհանոցից և հյուրասենյակից։ Տունը կարող է ունենալ նաև առանձին ճաշասենյակ, իսկ Հյուսիսային Ամերիկայի որոշ մեծ տներ ունեն նաև ժամանցի ու հանգստի սենյակ։ Ավանդական գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող տներում ընտանի կենդանիներն ու թռչունները կիսում էին բնակելի տարածքը մարդկանց հետ։ Տանը բնակվող հասարակական միավորման ձև է ընտանիքը։ Տանը կարող են բնակվել նաև այլ միավորումներ կամ իրար հետ կապ չունեցող անհատներ։ Որոշ տներ նախատեսված են միայն մեկ ընտանիքի բնակության համար, մինչդեռ բազմաբնակարան տները՝ քաղաքային բնակավայրերում նախատեսված են բազմաթիվ ընտանիքների բնակության համար։ Տները կարող են ունենալ կից կամ օժանդակ շինություններ՝ ավտոտնակ, մառան, խորդանոց, որտեղ պահվում են այգեգործության պարագաներ և գործիքներ, ինչպես նաև ետնաբակ և պարտեզ, որոնք նախատեսված են ընտանիքի հանգստի և ժամանցի համար։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տուն (այլ կիրառումներ)