Պաավո Նուրմի
From Wikipedia, the free encyclopedia
Պաավո Յոհաննես Նուրմի (ֆիններեն՝ Paavo Johannes Nurmi[15], հունիսի 13, 1897(1897-06-13)[6][7][8][…], Տուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 2, 1973(1973-10-02)[6][7][9][…], Հելսինկի, Ֆինլանդիա[10])[16]), ֆինն վազորդ, ով 1920-ական թվականներին լավագույնն էր աշխարհում միջին և երկար վազքատարածություններում։ Նրան պատկերավոր կերպով անվանում էին «Թռչող ֆինն» կամ «Ֆանտոմ ֆինն»։ Պաշտոնական արձանագրմամբ՝ 1500 մետրից 20 կիլոմետր միջակայքում ընկած վազքատարածություններում սահմանել է աշխարհի 22 ռեկորդ[17][18] (նաև՝ ոչ պաշտոնական 58 համաշխարհային ռեկորդ), նվաճել օլիմպիական ինը ոսկե և երեք արծաթե մեդալ։ Մարզական իր կարիերայի վերելքի շրջանում Պաավո Նուրմին անպարտելի է մնացել 121 անընդմեջ մրցելույթներում։ Իսկ կրոսային մրցաձևերում և 10.000 մետր վազքում անպարտելի է մնացել մարզական 14-ամյա ողջ կարիերայի ընթացքում։
Պաավո Նուրմի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական[1][2][3] |
Ամբողջական անուն՝ | ֆիններեն՝ Paavo Johannes Nurmi |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ Paavo Nurmi[1] |
Մականուն(ներ)՝ | Lentävä suomalainen[4] |
Մասնագիտացում՝ | երկար հեռավորություն վազող, marathon runner և թեթևատլետ |
Երկիր՝ | Ֆինլանդիա[5] |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 13, 1897(1897-06-13)[6][7][8][…] |
Ծննդավայր՝ | Տուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն |
Մահվան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 2, 1973(1973-10-02)[6][7][9][…] (76 տարեկան) |
Մահվան վայր՝ | Հելսինկի, Ֆինլանդիա[10] |
Ակումբ՝ | Turun Urheiluliitto? |
174 սանտիմետր | |
Քաշ՝ | 65 կիլոգրամ |
Սերված լինելով բանվորական ընտանիքից՝ Նուրմին ծնողներին օգնելու նպատակով տասներկու տարեկանում թողել է դպրոցական ուսումնառությունը, անցել աշխատանքի։ 1912 թվականին, ոգեշնչված Հաննես Կոլեմայնենի օլիմպիական սխրանքներով, սկսել է եռանդուն կերպով մարզվել, տարիների ընթացքում մշակել է մարզումային խստագույն մի ծրագիր, որը հետևողականորեն իրագործել է։ Վազորդների շրջանում առաջիններից մեկն է անցել շուրջտարյա պարապմունքների, ներդրել է միջակայքային (ինտերվալային) վազքը՝ արագ ու դանդաղ տեմպերով վազքի հերթագայմամբ[19][20][21]։ Եվ արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տվել։ Դեռ զինվորական ծառայության ժամանակ ազգային մի քանի ռեկորդ է սահմանել, իսկ 1920 թվականի ամառային օլիմպիական խաղերում իր առաջնելույթը պսակել է 5.000 մետր վազքում նվաճած արծաթե, կրոսավազքում ու 10.000 մետր վազքում՝ ոսկե մեդալներով։ 1923 թվականին Նուրմին դարձել է միևնույն մրցումներում մեկ մղոն, 5.000 մետր և 10.000 մետր վազքատարածություններում համաշխարհային ռեկորդներ սահմանած առաջին վազորդն աշխարհում. նրա մարզական այդ սխրանքը մինչև օրս մնում է չգերազանցված։ 1924 թվականի ամառային օլիմպիական խաղերում ընդամենը մեկ ժամ ընդմիջումով մրցության դուրս գալով 1500 մ և 5000 մ վազքատարածություններում՝ երկուսում էլ աշխարհի ռեկորդ է սահմանել, նվաճել ոսկե մեդալներ։ Փարիզում անցկացված այդ օլիմպիական խաղերում Նուրմին ընդհանուր առմամբ նվաճել է հինգ ոսկե մեդալ[22]։