Շոտլանդիայի անկախության շարժում
From Wikipedia, the free encyclopedia
Շոտլանդիայի անկախության շարժում, Շոտլանդիայի անկախություն, Շոտլանդիայի սեպարատիզմ, Շոտլանդիայի սեցեսիա (անգլ.՝ Scottish independence; գաել.՝ Neo-eisimeileachd na h-Alba, անգլա-շոտլ.՝ Scots unthirldom), որոշ քաղաքական և հասարակական շարժումների քաղաքական նպատակն է վերականգնել Շոտլանդիայի ինքնիշխանությունը և դուրս գալ Միացյալ Թագավորության կազմից։
Որպես կանոն, կախված այդ նպատակին ուղղված քաղաքական հայացքներից, կոչվում է կամ շոտլանդական անկախության վերականգնում և սեցեսիա, կամ շոտլանդական նացիոնալիզմ և սեպարատիզմ։
Շոտլանդիայի կառավարությունը Շոտլանդիայի անկախության հանրաքվե է անցկացրել 2014 թվականի սեպտեմբերի 18-ին՝ նպատակ ունենալով նրա հաջողության դեպքում անկախություն հռչակել 2016 թվականի մարտի 24-ին։ Այդ նպատակով Շոտլանդիայի կառավարությունը կազմել է անկախության նախապատրաստման և անցնելու միջոցառումների մանրամասն պլան[1][2]։ Սակայն հանրաքվեում Շոտլանդիայի ընտրողների մեծամասնությունը (բոլոր ընտրողների 55 տոկոսը և բնակչության 37 տոկոսը) դեմ է քվեարկել իր երկրի անկախության կարգավիճակին և Անգլիայի հետ 300-ամյա տնտեսաքաղաքական միության ավարտին։ 2016 թվականի հունիսի 23-ին Եվրամիությունից դուրս գալու շուրջ հանրաքվեից հետո Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ արտաքին հանգամանքների զգալի փոփոխության պատճառով (Շոտլանդիայի բնակչությունը քվեարկել է 62 տոկոսը՝ դեմ և 38 տոկոսը՝ կողմ ԵՄ-ից դուրս գալուն)[3] անկախության նոր հանրաքվեի անցկացումը «շատ հավանական է»[4] և, որ Շոտլանդիայի կառավարությունը կսկսի նախապատրաստել անհրաժեշտ օրենսդրական բազա անկախության մասին նոր հանրաքվե անցկացնելու համար՝ Շոտլանդիայի կողմից ԵՄ-ին անդամակցության պահպանման նպատակով[5]։ Գլազգոյում 2016 թվականի հոկտեմբերի 15-ին կայացած Շոտլանդիայի ազգային կուսակցության հերթական համագումարի փակման ժամանակ Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ Շոտլանդիայի կառավարությունը կսկսի նախապատրաստվել Մեծ Բրիտանիայից անկախության կրկնակի հանրաքվեի անցկացմանը, եթե բրիտանացի առաջնորդները շարունակեն Եվրամիությունից դուրս գալու ընթացակարգը[6]։