Նորաձևություն
From Wikipedia, the free encyclopedia
Նորաձևություն (ֆր.՝ mode, լատին․՝ modus բառից՝ չափ, կերպար, կանոն, կարգադրություն), հագուստի, կոշիկների, կենսակերպի, աքսեսուրաների, մազերի և մարմնի հարդարման տարածված ձև կամ գործունեություն է։ Այն ուղղորդող և հաճախ կայուն թրենդ է, համաձայն որի մարդիկ հագնվում են։ Այն վարքի, դիզայներների, ինժեներների, տեխնոլոգների, դիզայն մենեջերների ստեղծած նորագույն ստեղծագործությունների ազդեցիկ ոճ է[2]։
Քանի որ կոստյում ասվածը հաճախ հղվում է «նորաձևությանը», ճիշտ կլինի այն պարզաբանել․ կոստյումն առավել հաճախ վերաբերվում յուրահատուկ զգեստներին, դիմակահանդեսային կերպարներին, մինչդեռ «նորաձևությունը» հիմնականում նշանակում է հագուստ, ներառյալ դրա ուսումնասիրությունը։ Չնայած, որ նորաձևությունը կարող է լինել ֆեմինինային կամ մասկուլինային, որոշ միտումներ անդրոգեն են[3][4]։
Նորաձևությունը բազմոլորտ առարկա է, հետաքրքիր է ուսումնասիրման համար․ այն ուսուցանվում է աշխարհի մի շարք ինստիտուտներում։ Օրինակ՝ ԱՄՆ-ի Տեխնոլոգիական նորաձևության ինստիտուտը, Հնդկաստանում հիմնված Նորաձև տեխնոլոգիայի ազգային ինստիտուտը, որտեղ կրթվել են այս ոլորտում ակնառու մասնագետներ, շրջանավարտներ և դիզայներներ։
Նորաձևությունը որոշակի ոճի ժամանակավոր գերիշխանություն է կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում։ Սահմանում է որպես հագուստի, գաղափարների, վարքի, էթիկետի, կենսակերպի, արվեստի, գրականության, խոհանոցի, ճարտարապետության, ժամանցի և այլնի ոճը կամ տիպը, որը տարածված է հասարակության մեջ որոշակի ժամանակահատվածում։ «Նորաձևություն» հասկացությունը հաճախ ներկայացվում է որպես ամենաանկայուն և արագ անցնող հանրաճանաչություն։ Նորաձևություն տերմինն ներառում է նաև մարդկային մարմնի՝ տվյալ դարաշրջանում նախընտրելի տիպը (օրինակ՝ Պիտեր Պաուլ Ռուբենսի ժամանակաշրջանում գնահատվում էր փարթամ մարմինը, իսկ 21-րդ դարի սկզբին գնահատվում է բարեկազմությունը[5]): Նորաձևություն հասկացությունը, որպես կանոն, ենթադրում է ոչ կայուն, հաճախ փոփոխվող դիրքորոշում։ Եթե երևույթը կամ առարկան, լինելով նորաձև որոշակի ժամանակահատվածում, իր թարմությունը կորցնում է շրջապատի աչքում, ապա դառնում է ոչ նորաձև (հնաձև)։ Նորաձևությանը հետևելու ցանկությունը միշտ էլ գրավել է ծաղրանկարիչների ուշադրությունը[5]։
Նորաձևության անկապտելի հատկանիշը նորությանը հետևելն է, առարկայի կամ երևույթի նորության և նորաձևության սկզբունքը կախված է ոչ այնքան նրա ստեղծման (առաջացման) օբյեկտիվ ժամանակից, որքան ժողովրդականություն և հանրային ճանաչում ստանալու պահից։ Այսպես, էլեկտրոնային նորաձև գադջեթ կարող են դառնալ ոչ յուրահատուկ տեխնոլոգիական (կամ իրական սպառողական հատկությունների տեսակետից) սարքերը, հագուստի նորաձև տարրերը, որոնք, որպես կանոն, ուղիղ համանմանություն ունեն անցյալում։ Նորության հատկանիշը կորցնելով, այս իրերը սպառողի համար դառնում են հնաոճ։
Նորաձևությունն ունի 2 միտում։ Առաջինը նմանակումն է, որը նպատակ ունի ընդօրինակել փորձը կամ լավ ճաշակը, երկրորդը՝ հասարակական ճնշումն է՝ հասարակությունից դուրս, ծաղրի առարկա լինելու վախը (մեկուսացման վախ)։ Մեկ այլ դասակարգմամբ՝ ինքն իրեն ընդօրինակելը համարվում է կենսաբանական պաշտպանության ձև[5]։
Ժամանակակից աշխարհում նորաձևությունն ունի սեզոնային բնույթ (գարուն-ամառ և աշուն-ձմեռ)[5]։ Պատմականորեն վաղ նորաձևությունը կարող էր հազարամյակների ընթացքում չփոխվել։ Մ. թ. ա. 4-րդ հազարամյակից մինչև մ. թ. ա. 2-րդ հազարամյակը եգիպտական նորաձևությունը չի փոխվել, այն համարվում է հազարամյակների ընթացքում չփոփոխվող կանոնների վառ օրինակ[6]։ Այս դրույթը բազմիցս քննարկվել է։ Պատմական կոստյումների անփոփոխության մասին տեսակետը կարող է լինել և՛ որպես աղբյուրների սահմանափակ լինելու արդյունք[7], և՛ որպես ավանդական և պատմական նորաձևության զարգացման սկզբունքի չհասկացման հետևանք[8]։
Նորաձևության արդյունաբերությանը սատարում են մի շարք մասնագիտացված ամսագրեր, սոցիալական կայքեր և բլոգներ, մասնագիտացված թրենդ-գործակալություններ և նորաձևության տներ։