Միջատներ
From Wikipedia, the free encyclopedia
Միջատներ (լատին․՝ Insécta), անողնաշարավոր հոդվածոտանի կենդանիների դաս է, որի ներկայացուցիչների մեծ մասը կարող է թռչել։ Ավանդական դասակարգման համաձայն միջատները հազարոտնուկների հետ միասին պատկանում են տրախեաշունչների ենթատիպին։ Դասի անվանումը ծագել է «տարանջատել»,«մասնատել» բայից, որը նույն իմաստն է արտահայտում, ինչ, որ ֆրանսերեն՝ «insecte», լատիներեն՝ insectum, միջին հունարեն՝ ἔντομον բառերը և նշանակում է «կտրվածքներով կենդանի»։
Միջատներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Ենթաթագավորություն | Իսկական բազմաբջիջներ (Eumetazoa) |
Ինֆրաթագավորություն | Նախաբերաններ (Protostomia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) Linnaeus, 1758 |
Միջատների մարմինը պատված է խիտինացված կուտիկուլայով, որն առաջացնում է նրա արտաքին կմախքը (էկզոսկելետ) և կազմված է երեք բաժիններից՝գլուխ, կուրծք, փորիկ։ Միջատների շատ խմբերի ներկայացուցիչների մարմնի երկրորդ և երրրդ սեգմենտները կրում են մեկական զույգ թևեր։ Ոտքերն երեք զույգ են և ամրացած են կրծքային բաժնին։ Միջատների մարմնի չափերը լինում են 0,2 մմ-ից մինչև 30 սմ և ավելին։ Միջատների կենսական բոլորաշրջանն ընդգրկում է սաղմնային զարգացման (ձվի փուլ) և հետսաղմնային զարգացման փուլը, որին ուղեկցվում է կերպարանափոխությամբ՝ մետամորֆոզով։ Տարբերում են կերպարանափոխության երկու հիմնական ձևեր՝ լրիվ և ոչ լրիվ։ Ոչ լրիվն ուղեկցվում է զարգացման երեք փուլերով (ձու, թրթուր, իմագո՝ հասուն միջատ), իսկ լրիվը՝ չորս (ձու, թրթուր, հարսնյակ և իմագո)։ Թերի կերպարանափոխությամբ զարգացող միջատների թրթուրները նման են հասուն ձևերին, տարբերվում են նրանցից մարմնի փոքր չափերով, թևերի բացակայությամբ կամ դրանց ու սեռական օրգանների զարգացման սաղմնային վիճակով։ Լրիվ կերպարաափոխությամբ զարգացող միջատներին բնորոշ են որդանման թրթուրները, և միայն իմագոն է, որն օժտված է կարգին բնորոշ բոլոր առանձնահատկություններով։ Թրթուրային փուլում ընթանում է միջատների աճն ու զարգացումը, իսկ իմագոյի փուլում՝ բազմացումն ու տարածումը։ Միջատների ձևերի բազմազանությունը հանդիսանում է նրանց ամենազարմանահրաշ առանձնահատկությունը։ Կենդանիների այս դասը տեսակների թվով ամենաբազմաքանակն է, լցնում է բոլոր հնարավոր էկոլոգիական խորշերը՝ նիշաները և հանդիպում է ամենուրեք ընդհուպ՝ Անտարկտիդայում։ Ներկայումս նկարագրված է միջատների ավելի քան մեկ միլիոն տեսակ, և գիտնականները դեռ շարունակում են հայտնաբերել նորանոր տեսակներ։ Միջատներն ուսումնասիրող գիտությունը կոչվում է էնտոմոլոգիա (միջատաբանություն)։