Մետամորֆոզ
From Wikipedia, the free encyclopedia
Մետամորֆոզ (հուն․՝ μεταμόρφωσις` փոխակերպություն[1], μετα- (մետա-), «փոփոխություն» և μορφή (morphe), «ձև»[2] ), կերպարանափոխություն, կենդանիների մետամորֆոզ, մետաբոլիա, հետսաղմնային զարգացման ընթացքում օրգանիզմի կազմության խորը կերպարանափոխություն։
Մետամորֆոզը սովորաբար կապված է անհատական զարգացման (օնտոգենեզի) ընթացքում կենդանու գոյության պայմանների և կենսակերպի խիստ փոփոխությունների հետ։ Մետամորֆոզով զարգացող կենդանիների կենսական ցիկլում լինում է առնվազն մեկ թրթուրային փուլ, որի ընթացքում օրգանիզմը էապես տարբերվում է հասուն անհատից։ Զարգացման առանձին փուլերում կենդանին կատարում է տեսակի պահպանմանը և զարգացմանը նպաստող տարբեր ֆունկցիաներ։ Մետամորֆոզի տարրեր նկատվում են որոշ նախակենդանիների (օրինակ՝ ծծող ինֆուզորիաների) մոտ։
Սպունգներին և աղեխորշավորներին բնորոշ է մետամորֆոզ, որի ընթացքում ազատ լողացող թրթուրները կատարում են տեսակի տարածման ֆունկցիա։ Հաճախ նման մետամորֆոզը բարդանում է սեռական և անսեռ սերունդների հաջորդականությամբ (սցիֆոմեդուզաներ, բազմաթիվ տափակ որդեր և այլն)։