ԽՍՀՄ փլուզում
From Wikipedia, the free encyclopedia
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության փլուզում (այլ կերպ՝ լուծարում, կազմալուծում), 1991 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ գերագույն խորհրդի հանրապետությունների խորհուրդի կողմից ընդունված որոշման համաձայն[1] նախկին խորհրդային պետությունների անկախության ճանաչում և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ստեղծում։ Այս որոշումից օր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, ԽՄԿԿ ԿԿ նախկին գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց պաշտոնից հեռանալու, ինչպես նաև տվյալ պաշտոնի գոյությունը դադարեցնելու մասին, իր տեղը զիջելով ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինին։ Նույն օրը, երեկոյան ժամը 7:32-ին, Կրեմլի հրապարակում իջեցվեց ԽՍՀՄ պետական դրոշը և փոխարինվեց Ռուսաստանի Դաշնության դրոշով[2]։
ԽՍՀՄ փլուզում | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Մինչ այդ, 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքում գտնվող Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Բելառուսի (ԲԽՍՀ), Ռուսաստանի (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի (ՈւԽՍՀ) ղեկավարները ստորագրել էին համաձայնագիր, որով ԽՍՀՄ-ը փաստացիորեն դադարում էր գոյություն ունենալուց, և դրան փոխարինելու էր գալիս Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ոչ պետական կազմավորումը[3]։ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին հռչակագիր ընդունվեց Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում՝ Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Հայաստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի մասնակցությամբ (հռչակագրին չէին մասնակցել Բալթյան երկրները և Վրաստանը)[4]։ 1989 թվականից ԽՍՀՄ ողջ տարածքում սկիզբ առած շարժումներով և երկրի փլուզմամբ նաև վերջ է դրվել շուրջ 50 տարի տևած «Սառը պատերազմին», որի ժամանակ Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը հաստատվել էին որպես գերտերություններ։
Բազմաթիվ հետխորհրդային պետություններ, այդ թվում Հայաստանը, պահպանել են Ռուսաստանի հետ սերտ կապերը՝ միասին հանդես գալով մի շարք ռազմատնտեսական համագործակցային միությունների կազմում, ինչպիսիք են՝ Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ), Եվրասիական տնտեսական հանրակցությունը, Միութենական պետությունը, Մաքսային միությունը, Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) և այլն[5]։ Որոշ պետություններ էլ դարձել են Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամներ։