Երաժշտության պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Երաժշտության պատմությունը երաժշտագիտության (գիտություն և ուսումնական գիտակարգ) բնագավառ է, որն ուսումնասիրում է երաժշտությունն ըստ դարաշրջանների, երկրների և դպրոցների։ Երաժշտությունը, որպես մշակույթի մաս, գտնվում է նրա բոլոր բաղկացուցիչ մասերի ազդեցության տակ՝ ներառյալ սոցիալ-տնտեսական կազմակերպությունը և փորձը, կլիման և տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունը։ Երաժշտության մեջ արտահայտվող զգացմունքներն ու գաղափարները, իրավիճակները, որոնցում երաժշտությունը կատարվում և ընկալվում է, ինչպես նաև, վերաբերմունքը կատարողների և կոմպոզիտորների նկատմամբ փոփոխվում է՝ կախված տարածաշրջանից ու դարաշրջանից։
Խորհրդային մեթոդաբանական ավանդույթը (Յու․ Վ․ Կելդիշ) երաժշտության պատմության մեջ ընդգրկել է նաև երաժշտական հնագրությունը, երաժշտական ձևերի համակարգումն իրենց պատմական զարգացման մեջ և գործիքագիտությունը[1]։ Երաժշտական հնագրությամբ արևմտյան գիտության մեջ զբաղվում են բանասերները, ձևն ուսումնասիրում են երաժշտության տեսաբանները, իսկ գործիքներն (դրանց կառուցվածքը, պատմական նկարագրությունը, ձայնաբանական համակարգը) ուսումնասիրում են բոլոր երաժշտագետները (պատմաբաններ, տեսաբաններ, երաժշտագետ-բանահավաքներ և ուրիշներ)՝ առանց բացառության։