Երազների մեկնաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Երազների մեկնաբանություն, երազներին իմաստ հաղորդելու գործընթաց։ Մի շարք հնագույն քաղաքակրթություններում, հատկապես Եգիպտոսում և Հունաստանում, երազները համարվում էին աստվածային միջամտության կամ գերբնական կապ հաստատելու միջոց, որոնց իմաստը կարող էր բացահայտվել միայն որոշակի կարողություններ ունեցող մարդկանց կողմից։
Ժամանակակից աշխարհում հոգեբանության և նյարդաբանության տարբեր դպրոցներ առաջարկել են երազների իմաստի և նպատակի տարբեր տեսություններ։ ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Հարավային Կորեայում անցկացրած հարցումների համաձայն այդ երկրներում մարդկանց մեծամասնությունը հակված է երազները մեկնաբանել` հաշվի առնելով Ֆրոյդի «Երազների մեկնաբանություն» աշխատությունը[1]։
Մարդկանց մի մասը հավատում է, որ երազներն իմաստ ունեն։ Նրանք ավելի շատ իմաստ են տալիս երազներին, քան արթուն ժամանակ առաջացած մտքերին։ Օրինակ` նշում են, թե առավել հավանական է, որ կհետաձգեն իրենց ուղևորությունը, եթե երազում ավիավթար տեսնեն, քան եթե թռիչքից առաջ պարզապես մտածեն այդ մասին[1]։
Այնուամենայնիվ, մարդիկ բոլոր երազներին նույն կարևորությունը չեն տալիս։ Առավել հավանական է, որ նրանք կտեսնեն երազներ, որոնք համապատասխանում են իրենց` արթուն ժամանակ առաջացած մտքերին և ցանկություններին, քան երազներ, որոնք հակասում կամ բացառում են դրանք[1]։