Եվրոպական կենտրոնական բանկ
From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպական կենտրոնական բանկ (անգլ.՝ European Central Bank), եվրագոտու Կենտրոնական բանկն է։ Շտաբ-գրասենյակը գտնվում է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Նրա ղեկավար մարմինների մեջ մտնում են ԵՄ անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչները։ Բանկն ամբողջությամբ անկախ է ԵՄ մյուս մարմիններից։
Բանկի գլխավոր գործառույթներն են`
- եվրագոտու դրամավարկային քաղաքականության մշակումն ու իրականացումը,
- եվրահամակարգի պաշտոնական (ոսկեարժութային) պահուստների կառավարումը,
- եվրոյի թողարկումը,
- առանցքային տոկոսադրույքների որոշումը,
- ԵԿԲ-ի գլխավոր նպատակը եվրագոտում գնային կայունության պահպանումն է (եվրագոտում սպառողական գների ներդաշնակեցված ինդեքսի տարեկան աճը չպետք է գերազանցի 2 %-ը)։
Կենտրոնական բանկերի եվրահամակարգը բաղկացած է ԵԿԲ-ից և Եվրամիության բոլոր երկրների ազգային կենտրոնական բանկերից։ Եվրոպական կենտրոնական բանկի հիմնական պաշտոնական նպատակն է պահպանել գների կայունությունը եվրագոտում։ Նրա խնդիրն է նաև մշակել և իրականացնել Դրամավարկային քաղաքականություն եվրագոտում, իրականացնել միջազգային արժութային գործառնություններ, պահպանել անդամ պետությունների արտարժույթի պաշտոնական պահուստները և կառավարել դրանք, նպաստել վճարային համակարգի սահուն գործունեությանը։ Եվրոյի ներդրումից հետո ստեղծվել է Եվրահամակարգը (Eurosystem), որը ներառում է ԵԿԲ-ն և եվրագոտու երկրների ազգային կենտրոնական բանկերը։ Այսինքն՝ Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգն ավելի լայն է, քան Եվրահամակարգը։