Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023)
Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023) / From Wikipedia, the free encyclopedia
Արցախի Հանրապետության շրջափակում, ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության հայկական վերահսկողության ներքո գտնվող տարածքը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ առաքելություն ստանձնած զորքերի պատասխանատվության գոտում։ Արցախի Հանրապետության հայկական վերահսկողության հատվածը շրջափակելու գործողություններն իրականացնող ադրբեջանցիները ներկայանում են որպես բնապահպաններ[4][5][6], թեև այդ պնդումների իսկությունը քննության է ենթարկվում, քանի որ նրանք գործնականում չեն զբաղվել բնապահպանությամբ, այլ աշխատում են Ադրբեջանի պետական մարմիններում[7][8], իսկ շրջափակման ժամանակ ցուցադրում են էթնոազգայնական խորհրդանիշներ և կարգախոսներ[9][10]։ Շրջափակման այս գործողությունը որպես «բողոքի» ակցիա անոմալ է այնքանով, որքանով հավաքների ազատությունը Ադրբեջանում ազատ իրացվող իրավունք չէ, որտեղ իշխանություններն արագ ցրում են բողոքի ինքնաբուխ ցույցերը[11][12][13][14][15]։
Արցախի շրջափակում | ||||
---|---|---|---|---|
Մաս Արցախյան հակամարտություն | ||||
Ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ին շրջափակել են Բերձորի միջանցքը | ||||
Ամսաթիվ | 2022, դեկտեմբերի 12 - 2023, սեպտեմբերի 20 | |||
Վայր | Բերձորի միջանցք, Արցախ 39°45′07″ հս․ լ. 46°43′41″ ավ. ե.HGЯOL | |||
Պատճառ | Բնապահպանական (Ադրբեջանի պնդմամբ) Էթնիկ զտումներ (հայկական կողմի պնդմամբ)[1][2] | |||
Կարգավիճակ | ավարտված | |||
Հակամարտող կողմեր | ||||
Ղեկավարներ | ||||
| ||||
Թվաքանակ | ||||
| ||||
Կորուստներ | ||||
|
Արցախի պաշտոնյաներն առաջարկել են որպես լուծում ներգրավել միջազգային բնապահպանական փորձագետների[16][17], սակայն ադրբեջանցի պաշտոնյաները հրաժարվում են շփվել Արցախի ներկայացուցիչների հետ[18] և պահանջում են ադրբեջանցի տեսուչների մուտքը՝ որպես շրջափակումը վերացնելու պայման[19]։ Շրջափակման առաջին օրերին Ադրբեջանը խափանել էր նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը[20], որը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին[21]։
Մի քանի երկրներ, միջազգային կազմակերպություններ և քաղաքագետներ դատապարտել են շրջափակումը կամ ակնարկել, որ Ադրբեջանը միտումնավոր կազմակերպում է ճգնաժամը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հայերի հետ իր շարունակական հակամարտության մի մաս[18][22]։ Շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ շրջափակումը համարում են Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի հրադադարի մասին համաձայնագրի խախտում, որը նախատեսում է, որ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող մարդկանց և բեռների անվտանգությունը[18][23]։
Շրջափակման հետևանքով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ, դադարեցվել են պարենի, վառելիքի և դեղորայքի կանոնավոր մատակարարումները, առաջացել է մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների պակասուրդ, այդ թվում մանկական սննդամթերքի և որոշ ջերմիջեցնող դեղերի[24][25]։
2023 թվականի ապրիլի 28-ին բնապահպան ներկայացող ադրբեջանցիները հեռացել են և նրանց տեղը զբաղեցրել են Շուշի քաղաքի ադրբեջանական ոստիկանության և ներքին զորքերի ծառայողները[26]։