Արվեստագիտություն
արվեստի առարկաների ակադեմիական ուսումնասիրությունը նրանց պատմական զարգացման մեջ / From Wikipedia, the free encyclopedia
Արվեստագիտություն, արվեստաբանություն, լայն առումով՝ արվեստը ուսումնասիրող հասարակական գիտությունների համալիր։ Արվեստաբանական գիտությունները ընդգրկում են՝ գրականագիտությունը, երաժշտագիտությունը, թատերագիտությունը, կինոգիտությունը, ինչպես և տարածական արվեստներն (ճարտարապետություն, գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, դեկորատիվկիրառական արվեստ և այլն) ուսումնասիրող գիտությունները։ Արվեստագիտությունը ունի երեք հիմնական բնագավառ՝
- Արվեստի տեսություն
- Արվեստի պատմություն
- Գեղարվեստական քննադատություն
Այդ բնագավառներում կիրառվում է գեղարվեստական ստեղծագործության վերլուծման մեթոդը, մշակվում են արվեստի և իրականության փոխհարաբերության, արվեստի պատմական զարգացման, հասարակական դերի, բովանդակության ու ձևի հարցեր, հիմնավորվում վերջիններիս գեղագիտական գնահատականները։ Լայն և բազմաբնույթ է գիտական արվեստաբանական գործունեության ոլորտը (պեղումներ, գիտարշավներ, հուշարձանի բնորոշում, վերականգնում, գրանցում և համակարգում, արվեստագետների և ստեղծագործությունների մասին տեղեկությունների հավաքում, քարտարանների, կենսագրական և այլ տեղեկատուների կազմում, արվեստագետների գրական ժառանգության՝ հուշերի, նամակների, հոդվածների հրապարակում)։ Արվեստագիտությունը հենվում է մի շարք օժանդակ դիսցիպլինների վրա՝ ժամանակագրություն, վիմագրություն, հնագրություն, դրամագիտություն, կինանշանագիտություն, պատկերագիտություն և այլն։