Ճարտարապետություն
կառուցելու, շենքեր և կառույցներ նախագծելու արվեստ / From Wikipedia, the free encyclopedia
Ճարտարապետություն (լատին․՝ architectura), շենքեր, կառույցներ, ինչպես և դրանց համակարգով մարդու կյանքի ու գործունեության համար գեղեցիկի օրենքներով ու հարմարավետ տարածական միջավայր ստեղծելու արվեստ։ Նրա գեղարվեստական կերպարները նշանակալի դեր են խաղում հասարակության հոգևոր կյանքում։ Ճարտարապետության մեջ գեղարվեստական կերպարի ստեղծման հիմնական միջոցները տարածության ձևավորումն ու արխիտեկտոնիկան (կառուցման արվեստ) են։ Հատկապես կարևոր են կառույցի մասշտաբայնությունը և բաղադրամասերի ու ամբողջի համամասնությունը, ինչպես նաև ճարտարապետական կոմպոզիցիան (հորինվածք)՝ գործառնական և կառուցվածքային պահանջներին համապատասխան ձևերի ամբողջական գեղարվեստաարտահայտչական համակարգը։ Ճարտարապետությունը շինությունների կառուցման արվեստ է։ Դեռ հազարամյակներ առաջ մարդիկ կարողանում էին հրաշալի կառույցներ կերտել։ Բոլորը գիտեն, օրինակ եգիպտական փարավոնների հռչակավոր բուրգերի մասին. հիշենք նաև ուրարտացիների կառուցած Արին֊Բերդի թագավորական պալատը։ Շենքի կառուցումը սկսելուց առաջ ճարտարապետը նախապես պիտի պատկերացնի նրա տեսքը և թղթի վրա պատկերի այն,այսինքն ունենա շենքի գծագիրը։