Անտիկ դարաշրջան
From Wikipedia, the free encyclopedia
Անտիկ դարաշրջան (նաև դասական ժամանակաշրջան, դասական շրջան կամ դասական դարաշրջան), Միջերկրական ծով մշակութային պատմության երկար ժամանակաշրջան, որը նկարագրում է հին Հունաստանը և հին Հռոմը, որը միասին անվանում են հունահռոմեական աշխարհ։ Սա այն ժամանակաշրջանն է, որբ հունական և հռոմեական հասարակությունը մեծ ազդեցություն ունեցավ Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Արևմտյան Ասիայում։
Ընդհանուր առմամբ ժամանակաշրջանի սկիզբ է համարվում հույն էպոսագիր Հոմերոսի (մ.թ.ա. 8-րդից 7-րդ դարեր) գործունեության տարիները և շարունակվել է մինչև Քրիստոնեության ծագումը և Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը (5-րդ դար)։ Այն ավարտվում է դասական մշակույթի վերացմամբ, երբ ավարտվեց Ուշ անտիկ դարաշրջանը (300–600), և սկսվեց Վաղ միջնադարը (600–1000): Այս դարաշրջանը ընդգրկում է պատմական և տարածքային մեծ շրջաններ, իր ժամանակ գործել են բազմաթիվ մշակույթներ։
Հին հույների մշակույթը հին Մերձավոր Արևելքի որոշ ազդեցության ներքո հիմք հանդիսացավ արվեստի[1], փիլիսոփայության, հասարակագիտության և ուսուցողական գաղափարների համար մինչև Հռոմեական կայսրության ժամանակաշրջան։ Հռոմեացիները զարգացրեցին ուսմունքները և տարածեցին այն Եվրոպայով մեկ, իսկ հին աշխարհը դարձավ հիմնականում երկլեզու` լատիներեն և հունարեն[2][3]։ Հունահռոմեական մշակութային հիմքերը իրենց հետքն են թողել ժամանակակից աշխարհի լեզվի, քաղաքականության, իրավունքի, կրթական համակարգի, փիլիսոփայության, գիտության, ռազմարվեստի, բանահյուսության, պատմագրության, էթիկայի, արվեստի և ճարտարապետության վրա։ Անտիկ դարաշրջանից մնացած մշակութային արժեքների հիման վրա 14-րդ դարում տեղի ունեցավ մշակութային վերադարձ, որը Եվրոպայում հետագայում անվանվեց Վերածնունդ։