Ամառային օլիմպիական խաղեր
From Wikipedia, the free encyclopedia
Ամառային օլիմպիական խաղեր կամ Ամառային օլիմպիադա (ֆր.՝ Jeux olympiques d'été, անգլ.՝ Summer Olympic Games[1]), բազմասպորտային միջազգային իրադարձություն, որն անցկացվում է 1896 թվականից ամեն չորս տարին մեկ անգամ և կազմակերպվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից։ Մեդալներ շնորհվում են ամեն մրցույթի համար, ոսկե մեդալ շնորհվում է առաջին տեղը գրաված մարզիկին, արծաթե մեդալ՝ երկրորդին և բրոնզե մեդալ` երրորդին։ Մեդալներ սկսել են շնորհել 1904 թվականից։ Ամառային օլիմպիական խաղերի հաջողությունից հետո ստեղծվեց նաև Ձմեռային օլիմպիական խաղերը։
Օլիմպիական խաղերն սկսվել են 42 մրցույթով, որին մասնակցել է մոտ 250 տղամարդ մարզիկ 14 երկրից։ Ներկայումս օլիմպիական խաղերում կա մոտ 300 մրցույթ, որոնց մասնակցում է մոտ 10.000 մարզիկ 205 երկրից։ 2016 թվականի օլիմպիական խաղերին, որը կայացավ Ռիո դե Ժանեյրոյում, մասնակցել է ավելի քան 10.500 մարզիկ 205 երկրից[2]։
Ամառային օլիմպիական խաղերը ընդունել է 18 երկիր, վերջին անգամ ընդունել է Բրազիլիան 2016 թվականին։ Երկրների շարքում Ամառային օլիմպիական խաղերն ամենաշատն ընդունել է ԱՄՆ-ն, իսկ քաղաքների մեջ՝ Լոնդոնը։ Երեք քաղաք ընդունել են երկուական անգամ՝ Լոս Անջելես, Փարիզ և Աթենք։
Հարավային կիսագնդում ամառային օլիմպիական խաղեր կայացել են երկու անգամ, երկուսն էլ Ավստրալիայում (Մելբուռնում 1956 թվականին և Սիդնեյում 2000 թվականին)։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային խաղերը դարձան առաջինը Հարավային Ամերիկայում։
Հինգ երկիր (Հունաստան, Ավստրալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Շվեյցարիա) մասնակցել են բոլոր ամառային օլիմպիական խաղերին։ Միակ երկիրը, որը գոնե մեկ ոսկե մեդալ է նվաճել բոլոր ամառային օլիմպիական խաղերում, Մեծ Բրիտանիան է։