COVID-19 համավարակ
From Wikipedia, the free encyclopedia
COVID-19 կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության համավարակը սկսվել է 2019 թվականի նոյեմբերի կամ դեկտեմբերի կեսին Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում[1], այնտեղ գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկայի հետ կապված տեղացիների մոտ անհայտ ծագման թոքաբորբի առաջին դեպքերի հայտնաբերմամբ[2]։
Հետագայում չինացի գիտնականները առանձնացրել են նոր` COVID-19 կորոնավիրուս, որն իր գենետիկական հաջորդականությամբ ոչ պակաս, քան 70%-ով նման է ծանր սուր շնչառական համախտանիշի (հայտնի է նաև որպես ատիպիկ թոքաբորբ) վիրուսին[3][4][5][6]։
Հունվարի 22-ից Ուհանում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար[7]։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքների ելումուտը[8][9]։ Կորոնավիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում[10]։
Հունվարի 22-ին վիրուսի բռնկման կապակցությամբ տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ կոմիտեի արտահերթ նիստը[11]։ Հունվարի 23-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեն համակարծիք է այն հարցում, թե արդյոք նոր կորոնավիրուսի բռնկումն առանձնակի վտանգ է ներկայացնում, ինչի կապակցությամբ հանրային առողջապահության բնագավառում առայժմ արտակարգ դրություն միջազգային նշանակություն չի հայտարարվում[3][4][5][6]։
Հունվարի 30-ին ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստում նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչվել է արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում[12], որն ունի միջազգային նշանակություն[13][14][15]։
Փետրվարի 24-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել վիրուսով կրկնակի վարակվելու մասին[16][17]։
Մարտի 11-ին ԱՀԿ-ն աշխարհում հայտարարել է կորոնավիրուսի համավարակ[18][19]։
2023 թվականի մայիսի 5-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է COVID-19 համավարակի ավարտի մասին, այն տևել է 3 տարի 1 ամիս 24 օր[20][21] և այլևս չի հանդիսանում միջազգային մտահոգության հանրային առողջության արտակարգ իրավիճակ[22]։