Armia Ludowa
կոմունիստական պարտիզանական ուժ, որը ստեղծվել է Լեհ աշխատավորների կոմունիստական կուսակցության կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթ / From Wikipedia, the free encyclopedia
Armia Ludowa (AL[1][2]. լեհերենից թարգմանած՝ նշանակում է Ժողովրդական բանակ), Լեհական բանվորական կուսակցության ռազմական կազմավորում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում։ Ստեղծվել է Երրորդ ռայխի գրաված Լեհաստանի տարածքում գործած Ժողովրդական գվարդիայի (լեհերեն՝ Gwardia Ludowa) վերակազմավորման միջոցով, գերմանացի զավթիչների դեմ զինված պայքար մղելու նպատակով։ Ընդ որում՝ ստեղծվել է Խորհրդային Միության տարածքում կազմավորված լեհական կոմունիստամետ կառավարության՝ Ժողովրդական Ռադայի (լեհերեն՝ Krajowa Rada Narodowa) 1942 թվականի հունվարի 1-ի հրամանագրի հիման վրա և ֆորմալ առումով ենթակա է եղել վերջինիս։ Գլխավոր հրամանատարը գեներալ Միխալ Ռոլա-Ժիմերսկին էր, շտաբի պետը՝ Ժողովրդական գվարդիայի նախկին հրամանատար Ֆրանցիշեկ Յուժվյակը[3]։
Armia Ludowa | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | պարտիզանական շարժում |
Երկիր | Լեհաստան |
Տեղաբաշխում | Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Ստեղծվեց | հունվարի 1, 1944 |
Ճակատամարտեր | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Լուծարվեց | հուլիսի 21, 1944 |
Գերմանացի զավթիչների դեմ իր մղած պայքարում Armia Ludowa-ն համագործակցել է խորհրդային զորքերի հետ՝ խուսափելով առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում գտնվող լեհական վտարանդի կառավարության և վերջինիս նախաձեռնությամբ Լեհաստանում ստեղծված ու ավելի լայն թափով գործող Armia Krajowa-ի հետ (լեհերենից բառացի թարգմանած՝ նշանակում է Հայրենի բանակ. Լեհաստանում ծավալված Դիմադրության շարժման գլխավոր ուժն էր)։ 1944 թվականի հուլիսի վերջերին, երբ խորհրդային զորքերը մտել են Լեհաստան, Armia Ludowa-ի կազմում ընդգրկված էր շուրջ 30.000 մարդ, որոնցից առնվազն վեց հազարը լիարժեքորեն մասնակցել են մարտական գործողություններին[4]։
1944 թվականի հուլիսի 21-ին Armia Ludowa-ն ներառվել է լեհական բանակի կազմում և խորհրդային զորքերի հետ ուս ուսի տված՝ շարունակել է մարտնչել գերմանացիների դեմ։
Նկատի առնելով Armia Ludowa-ի ունեցած սերտ կապերը Խորհրդային Միության հետ, որի փաստացի ղեկավարությամբ է ստեղծվել ու գործել, կարելի է նրան համարել թե՛ լեհական Դիմադրության շարժման և թե՛ խորհրդային պարտիզանական շարժման բաղկացուցիչ մաս։