Ֆայաս (Վալենսիա)
From Wikipedia, the free encyclopedia
Ֆայաս կամ Լաս Ֆայաս (իսպ.՝ Falles, վայն.՝ Fallas, մարտի 15-19), բնության զարթոնքը խորհրդանշող հեթանոսական ամենամյա տոնակատարություն, իսպանական Վալենսիա քաղաքի ամենամեծ ավանդական փառատոնը, ինչ-որ չափով «դիվային» ֆիեստա, որն ավարտվում է ատաղձագործների հովանավոր սուրբ Հովսեփի տոնով։ Փառատոնը տևում է մեկ շաբաթ` մարտի 15-ից մարտի 19-ը, իսկ բնակիչները տոնին պատրաստվում են մի ամբողջ տարի։ Ամենատարբեր նյութերից կառուցվում են հարյուրավոր ֆայա հուշարձաններ, որոնցից որոշների բարձրությունը հասնում է մինչև 10 մետրի, իսկ կատարված ծախսերը երբեմն գերազանցում են 100 հազար դոլարը։ Փառատոնի ժամանակ քաղաքը հեղեղվում է հսկայական, գունագեղ և վարպետորեն պատրաստված ծավալային ֆիգուրներով և կրակի թագավորության է վերածվում։ Մեկշաբաթյա տոնակատարությունների ավարտին երգիծական և հիմնականում քաղաքական թեմաներով կառուցված հուշարձանները հանդիսավոր կերպով այրվում են։ Քաղաքացիների կողմից ընտրված կառույցներից մեկը հաղթող է ճանաչվում և կրակի չի մատնվում, այլ իր պատվավոր տեղն է զբաղեցնում Վալենսիայի թանգարանում։
Ֆայաս La fiesta de las Fallas de Valencia Cultural inmaterial | |
---|---|
Քաղաքապետարանի Ֆայաս 2019 թվական, Վալենսիա | |
Պաշտոնապես | Լաս Ֆայաս |
Այլ կերպ | Կրակի փառատոն ֆիեստա |
Տեսակ | ոչ նյութական մշակութային ժառանգություն[1] |
Ամսաթիվ | Մարտի 19 |
Տոնվում է | Իսպանիա, Վալենսիայի համայնքի գրեթե 40քաղաքներում |
սկսած | մարտի 15 |
մինչև | մարտի 19 |
Հաստատված | 2016 թվականի նոյեմբերի 30-ին ՅՈՒՆԵՍԿՕ N° 00859[1] |
Տոնում | գարնան գալուստը |
Ավանդույթներ | նախորդ տարվա ընթացքում հուզող թեմաներով պատրաստված հսկայականֆայաների այրում |
Տոնական կերակուր | Պաելյա |
Կրոն | հեթանոսություն |
Անվանված է | լատին․՝ fax-ջահ |
Նման | Սուրբ Հովհաննեսի կրակներ Ալիկանտե Բարեկենդան Մասլենիցա |
Կապված | ատաղձագործների հովանավոր Սուրբ Հովսեփի փառաբանման հետ |
Կայք | fallasfromvalencia.info |
Ֆայաս եզրույթը վերաբերում է ինչպես տոնակատարություններին, այնպես էլ տոնակատարության ժամանակ այրելու համար պատրաստված հուշարձաններին[2]։ Վալենսիայի համայնքի մի քանի քաղաքներում կան նմանատիպ տոներ, որոնք ներշնչված են յուրօրինակ Վալենսիական Ֆայասի (Falles de València) տոնակատարությամբ։
2016 թվականի նոյեմբերի 30-ին Ֆայաս փառատոնն ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ[3]։
Քաղաքի յուրաքանչյուր շրջան ունի մարդկանց կազմակերպված խումբ` Կասալ Ֆայեր (Casal faller), որը գործում է ողջ տարվա ընթացքում, անցկացնում է միջոցառումներ, երեկույթներ և ընթրիքներ դրամահավաքի համար, որպես կանոն, տարածաշրջանի առանձնահատուկ հայտնի ուտեստի` պայեյայի[4] համտեսմամբ։ Ամեն կասալ ֆայեր կոնստրուկցիա է ստեղծում, որը հայտնի է որպես ֆայա, որն ի վերջո, այրվում է։ Կասալ Ֆայերը նաև հայտնի է որպես Ֆայասի հանձնաժողով (comissió fallera)[5]: