Օպալ
From Wikipedia, the free encyclopedia
Օպալ, արևակն, ծիածանաքար, սիլիցիումի երկօքսիդի հիդրատի ամորֆ ձևը (SiO2·nH2O), ջրի բաղադրությունը կարող է տատանվել 3%-ից մինչև 21% ըստ զանգվածի, բայց այն սովորաբար տատանվում է 6% և 10% միջակայքում։ Ի տարբերություն սիլիցիումի երկօքսիդի (SiO2), որն ունի բյուրեղային կառուցվածք և դասակարգվում է որպես միներալ, օպալը ամորֆ բնույթի պատճառով դասակարգվում է որպես միներալոիդ։ Այն ձևավորվում է համեմատաբար ցածր ջերմաստիճաններում և հանդիպում է գործնականում ցանկացած հանքերի ճեղքերի մեջ, ավելի հաճախ լիմոնիտի, ավազաքարի, կրային կավի, բազալտի հետ։ Օպալը հանդիսանում է Ավստրալիայի ազգային թանկարժեք քարը[3]։
Օպալ | |
---|---|
Բնական կաղապարի մեջ տեղակայված օպալի երփներանգ հանքաքար | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | Միներալ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Սիլիցիումի (IV) օքսիդի հիդրատ SiO2·nH2O |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 4.DA.10[1] |
Դանա դասակարգում | 75.2.1.1 |
Նույնականացում | |
Գույն | Անգույն, սպիտակ, դեղին, կարմիր, նարնջագույն, կանաչ, դարչնագույն, սև, կապույտ, վարդագույն |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղի հատկություն | Անկանոն, հոծ, հանգուցավոր |
Բյուրեղային համակարգ | Ամորֆ[2] |
Թերթականություն | Չունի[2] |
Բեկում | Կոնխոիդալ, անհարթ[2] |
Մոոսի կարծրություն | 5.5–6[2] |
Փայլ | Ապակենմանից մինչև մոմանման[2] |
Օպտիկական հատկություններ | [2] |
Երկճառագայթաբեկում | Չունի[2] |
Ուլտրամանուշակագույն ճառագայթում | Սև և մարմնագույն` իներտ են սպիտակից մինչև թույլ երկնագույն, կանաչի, դեղինի երկար ու կարճ ալիքների նկատմամբ, կարող են ունենալ ֆոսֆորեսցենտություն։
Հասարակ օպալ` իներտ է վառ կանաչի, դեղնականաչի երկար ուկարճ ալիքների նկատմամբ, կարող է ունենալ ֆոսֆորեսցենտություն։ Հրային օպալ` իներտ է թույլ կանաչադարչնագույնի երկար ու կարճ ալիքների նկաtմամբ, կարող է ունենալ ֆոսֆորեսցենտություն[2] |
Կլանման սպեկտր | Կանաչ բյուրեղներ՝ 660 նմ, 470 նմ[2] |
Ենթակատեգորիա | դիոքսոսիլիկատային հանքանյութեր և տեկտոսիլիկատներ |
Գոյություն ունի օպալի երկու հիմնական տեսակ՝ թանկարժեք և սովորական[4]։ Թանկարժեք օպալը ցուցաբերում է գույների խաղ, երփներանգություն, իսկ սովարական օպալը՝ ոչ։ Գույների խաղը սահմանվում է որպես «պսևդոքրոմատիկ օպտիկական երևույթ, որի արդյունքում որոշ միներալների վրա սպիտակ լույսը շողարձակում է տարբեր գուներանգներ»[5]։ Թանկարժեք օպալի ներքին կառուցվածքը պատճառ է հանդիսանում, որ լույսը ենթարկվի դիֆրակցիայի, որի արդյունքում առաջանում է գույների խաղ։ Կախված օպալի ձևավորման պայմաններից, այն կարող է լինել թափանցիկ, կիսաթափանցիկ կամ անթափանց, իսկ ֆոնի գույնը կարող է լինել սպիտակ, սև կամ լույսի տեսանելի սպեկտրի համարյա բոլոր գույները։ Սև օպալը համարվում է ամենահազվագյուտը, այն դեպքում, երբ սպիտակը, մոխրագույնը և կանաչը համարվում են ամենասովորականը։ Օպալը կարող է ցուցաբերել երփներանգություն։