Բազալտ
From Wikipedia, the free encyclopedia
Բազալտ (լատին․՝ basaltes` փորձաքար), հրաբխային հիմնային ապար՝ կազմված պլագիոկլազ, պիրոքսեն, ձիթակն, մագնետիտ, ավելի քիչ՝ տիտանիտ, ապատիտ միներալներից։ Երկրի ընդերքում գտնվող ապարներից այն ամենատարածվածն է։ Հրաբխային ժայթքումների ժամանակ երկրի մակերես է դուրս գալիս հսկայական քանակությամբ լավա, որի սառչելուց հետո առաջանում են արտավիժած բազմատեսակ ապարներ` բազալտներ, անդեզիտներ, անդեզիտաբազալտներ և այլն։ Կառուցվածքը մասամբ բյուրեղային է, բարձր խտությամբ, գույնը՝ սև կամ մուգ գորշ։ Այն դեկորատիվ քար է, հեշտ հղկվող, առանձնանում է իր դիմացկունությամբ։ Բազալտը կայուն է ջերմաստիճանի տատանումների և մեխանիկական ազդեցության նկատմամբ։ Այն նաև կայուն է ագրեսիվ քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, ինչպիսիք են թթուները և ալկալիները, ծովային աղը։ Բազալտը չի այրվում, և կարող է դիմանալ մինչև 1500 °C ջերմաստիճանում։ Հայաստանում բազալտի և նրա խմբի ապարների պաշարները հատկապես խոշոր են Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքի շրջակայքում։ Հայաստանի տարածքում հայտնաբերված բազալտի և նրա տարատեսակների երկրաբանական պաշարները գնահատվում են 125 մլրդ մ³: Բազալտները ավելի ամուր են, սառցադիմացկուն, կարծր, թթվակայուն ։ Ունեն նաև ջերմամեկուսիչ բարձր հատկանիշներ։ Բազալտները անհիշելի ժամանակներից օգտագործվել են Հայաստանում բնակավայրերի, եկեղեցիների կառուցման համար։ Երևանի և հանրապետության մյուս քաղաքների շենքերի հիմքերն ու ստորին հարկերը, կառուցված են սրբատաշ և դրվագված բազալտաքարերով։ Բազալտները Հայաստանում կիրառվում են նաև կամուրջների, ջրատեխնիկական և այլ բարդ կառույցներում։