Ցելիակիա
From Wikipedia, the free encyclopedia
Ցելիակիան երկարատև աուտոիմուն հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է բարակ աղիքը[4]։ Դասական ախտանշանները ներառում են ստամքսաղիքային խնդիրներ, ինչպիսիք են քրոնիկական փորլուծությունը, փորափքանք, ներծծման խանգարումները, ախորժակի կորուստը, երեխաների շրջանում նորմալ աճի խանգարումը[2]։ Այն հաճախ սկսվում է վեց ամսականից մինչև երկու տարեկանը[2]։ Ոչ դասական ախտանշանները ավելի հաճախակի են, հատկապես երկու տարեկանից մեծ անձանց մոտ[13][15][16]։ Կարող են լինել ստամոքսաղիքային ախտանշանների բացակայություն կամ թույլ արտահայտվածություն, կամ մարմնի ցանկացած մաս ախտահարող բազմաթիվ ախտանշաններ, կամ ակնհայտ ախտանշանների բացակայություն[2]։ Ցելիակիան առաջին անգամ նկարագված է եղել մանկական տարիքում[11][13], սակայն այն կարող է զարգանալ ցանկացած տարիքում[2][13]։ Այն ասոցացված է այլ աուտոիմուն հիվանդությունների հետ, ինչպիսիք են շաքարային դիաբետ տիպ 1 և թիրեոիդիտ[11]։
Ցելիակիա | |
---|---|
Բարակ աղու բիոպսիա, ցուցադրված է ցելիակիայի ախտահարումը աղիքային թավիկների հետաճով, կրիպտաների գերաճով և լիմֆոցիտային ինֆիլտրացիայով կրիպտաների շուրջ։ | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Գլյուտենի հանդեպ պատասխան ռեակցիա[1] |
Հիվանդության ախտանշաններ | բացակայում են կամ ոչ սպեցիֆիկ ախտանշաններ, փորափքանք, փորլուծություն, փորկապություն, ներծծման խանգարումներ, քաշի կորուստ, հերպետիկ մաշկաբորբ[2][3] |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
Հոմանիշներ | Ցելիակիային սփրու, ոչ տրոպիկական սփրու, էնդեմիկ սփրու, գլյուտենային էնտերոպաթիա |
Ախտորոշում | Ընտանեկան անամնեզ, արյան հակամարմինների թեստ, աղիքային բիոպսիա, գենետիկական հետազտություն, դրական պատասխան գլյուտենի բացառմանը[4][5] |
Տարբերակիչ ախտորոշում | Աղուբորբոքային հիվանդություն, աղիքային մակաբույծներ, գրգռված աղու համախտանիշ[6] |
Բուժում | Առանց գլյուտենի դիետա[7] |
Բարդություններ | Երկաթ դեֆիցիտային սակավարյունություն, օստեոպորոզ, անպտղություն, քաղցկեղներ, նյարդաբանական խանգարումներ, այլ աուտոիմուն հիվանդություններ[8][9][10][11][12] |
Սկիզբը | Ցանկացած տարիք[2][13] |
Տևողություն | Ամբողջ կյանքի ընթացքում[11] |
Հանդիպման հաճախականություն | ~1-ը 135-ից[14] |
Coeliac disease Վիքիպահեստում |
Ցելիակիան հիվանդություն է, որն առաջանում է ի պատասխան գլուտենի՝ տարբեր սպիտակուցների խմբի, որոնք պարունակում են ցորենի և այլ հացահատիկային տեսակների մեջ, օրինակ գարի և տարեկան[1][17][18]։ Սովորաբար թույլատրվում է չափավոր քանակությամբ վարսակ, որը զերծ է այլ գլյուտեն պարունակող հացահատիկազգիներից[17][19]։ Խնդիրների ի հայտ գալը կարող է կախված լինել վարսակի տարատեսակից[17][20]։ Հիվանդությունն առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ժառանգական նախատրամադրվածություն[4]։ Գլյուտենի հետ հանդիպումից իմունային պատասխանը կարող է հանգեցնել տարբեր հակամարմինների սինթեզի, որոնք կարող են ազդեցություն ունենալ տարբեր օրգանների վրա[9][21]։ Բարակ աղիքում այն առաջացնում է բորբոքային պրոցես և կարող է հանգեցնել բարակ աղիքը ծածկող թավիկների կարճեցման (թավիկների ապաճ)[4][5]։ Սա ազդում է սննդանյութերի ներծծման վրա, ինչն էլ հաճախ հանգեցնում է սակավարյունության[4][18]։
Ախտորոշումը, որպես կանոն, դրվում է համակցելով հակամարմինների առկայությունը արյան քննությամբ և աղիքի բիոպսիայի պատասխանները, որոնք կատարվում են սպեցիֆիկ գենետիկական թեստավորումով[4]։ Ախտորոշումը միշտ չէ, որ հեշտ է դրվում[22]։ Հաճախ արյան մեջ աուտոհակամարմինները բացասական են[23][24], իսկ շատ մարդկանց մոտ աղիքային փոփոխությունները աննշան են՝ պահպանված աղիքային թավիկներով[25]։ Մարդկանց մոտ կարող են լինել լուրջ ախտանշաններ, և նրանք կարող են շատ տարիներ շարունակ հետազոտվել, մինչ հստակ ախտորոշում կդրվի[26][27]։ Գնալով ավելի հաճախակի են դառնում դեպքերը, երբ ախտորոշումը դրվում է անախտանիշ մարդկանց՝ սքրինինգային հետազոտքության արդյունքում[28]։ Ինչևէ, սքրինինգային հետազոտության օգտակարությունը հաստատող փաստացի ապացույցներ չկան[29]։ Չնայած հիվանդությունը առաջանում է գլյուտենի հանդեպ մշտական անհանդուրժողականության հետևանքով[4], այն տարբերվում է ցորենի անդեպ ալերգիկ պատասխանից, որը հանդիպում է շատ ավելի հազվադեպ[30]։
Միակ հայտնի արդյունաավետ բուժումը ամբողջ կյանքի ընթացքում առանցգլյուտենային դիետայի խիստ պահպանումն է, որը հանգեցնում է բարակ աղու լորձաթաղանթի վերականգնման, բարելավում է ախտանշանները և իջեցնում բարդությունների զարգացման վտանգը շատ մարդկանց մոտ[7]։ Բուժման բացակայության դեպքում այն կարող է հանգեցնել քաղցկեղային հիվանդությունների, ինչպիսիք են աղիքային լիմֆոման, և մի փոքր վաղ մահացության ռիսկի մեծացման[8]։ Երկրի տարբեր տարածաշրջաննեում ցուցանիշները տատանվում են՝ 1:300-ից մինչև 1:40 հաճախականությամբ, միջինում կազմելով 1:100-1:170[14] : Ըստ դիտարկումների 80% դեպքերում ախտորոշումը պարզված չի լինում, որպես կանոն, ստամոքսաղիքային ախտանշանների բացակայության կամ տույլ արտահայտված լինելու և ախտանշանների ու ախտորոշիչ չաձանիշների անբավարար իմացության պատճառով[10][26][31]։ Ցելիակիան ավելի հաճախ հանդիպում է կանանց քան տղամարդկանց մոտ[32]։