Տերուել
From Wikipedia, the free encyclopedia
Տերուել (իսպ.՝ և արագոներեն՝ Teruel. Իսպաներեն արտասանություն՝ [teˈɾwel]), քաղաք Իսպանիայի արևելյան մասում՝ Արագոն ինքնավարությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն պրովինցիայի վարչական կենտրոնն է։ Հռչակվել է մավրական ճարտարապետության ազդեցությունը կրող մուդեխար ոճով կառուցված միջնադարյան պատմա-մշակութային հուշարձանների բազմությամբ, որոնք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, խստաշունչ, հաճախակի փոփոխվող եղանակով, ինքնատիպ խեցեգործությամբ, մերձակա հնավայրով, որտեղ հայտնաբերվել են հնագույն դինոզավրերի մնացորդներ, La Vaquilla del Ángel[3] և Bodas de Isabel de Segura անվանումներով հայտնի տոնակատարություններով։ Զբաղեցնում է 440,41 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի տվյալներով եղել է 35.675[4]. այդ ցուցանիշով Տերուելը վերջին տեղն է զբաղեցնում Իսպանիայի պրովինցիաների վարչական կենտրոնների շարքում։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տերուել | |||||
իսպ.՝ Teruel[1] | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Մակերես | 440,414455±0,000001 կմ² | ||||
ԲԾՄ | 915±1 մետր | ||||
Բնակչություն | ▲36 267 մարդ (2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 978 | ||||
Փոստային դասիչ | 44001–44003 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TE | ||||
Պաշտոնական կայք | teruel.es | ||||
| |||||
Լեռներով պարփակված լինելու պատճառով Տերուելը դարեր շարունակ համեմատաբար մեկուսացված է է եղել, Իսպանիայի այլ բնակավայրերի և մանավանդ մայրաքաղաք Մադրիդի հետ չափազանց թույլ հաղորդակցություն է ունեցել։ 1999 թվականին ծնունդ է առել Teruel existe («Տերուելը գոյություն ունի») կարգախոսով շարժում՝ քաղաքում ու գավառում լուրջ ներդրումներ ներգրավելու նպատակադրումով։ Ու նաև այդ շարժման շնորհիվ է, որ տրանսպորտային հաղորդակցությունը բարելավվել է, շահագործման է հանձնվել Սարագոսա-Սեգունտո ավտոմայրուղին։ Սակայն Մադրիդի հետ երկաթուղային ու ավտոխճուղային ուղղակի կապը դեռևս բացակայում է, և իսպանական պարբերականները շարունակում են ծաղրանկարներ տպագրել «Տերուելը կա՝, թե՝ չկա» թեմայով[5]։