Տեկիլա (Խալիսկո)
From Wikipedia, the free encyclopedia
Սանտյագո դե Տեկիլա (իսպ.՝ Santiago de Tequila. Իսպաներեն: [teˈkila] ( լսել), ացտ.՝ Tequillan, Tecuila "տուրք մատուցելու վայր"), քաղաք և համայնք Մեքսիկայի Խալիսկո նահանգում, մերձակա խոշոր բնակավայրից՝ նահանգի մայրաքաղաք Գվադալախարայից մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա[5]։ Քաղաքը հայտնի է հատկապես նրանով, որ այստեղ է ծնունդ առել իր անունը կրող, հանրահայտ տեկիլա խմիչքը, որը պատրաստվում է այս կողմերում տարածված կապույտ ագավա բույսից։ Այդ բույսի միջուկը շաքար է պարունակում, ինչի մասին հնուց իմացել են տեղաբնիկ հնդկացիները և դրանից ստացել ֆերմենտացված ըմպելիք։ Իսպանացի գաղութաբնակները տեղաբնիկների օրինակով ստացել են այդ ըմպելիքը, թորել և պատրաստել ներկայիս հանրահայտ խմիչքը, որի տարածվածությունն ու պատմությունը պատճառ են դարձել, որ նրա բնօրրան Տեկիլա քաղաքն ու շրջակա տարածքն ընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[6]։ Մեքսիկայի դաշնային կառավարությունը 2003 թվականին Տեկիլային շնորհել է "Pueblo Mágico" (Կախարդիչ քաղաք) պատվանունը[7]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Տեկիլա | |||
իսպ.՝ Tequila[1] | |||
| |||
Երկիր | Մեքսիկա | ||
Հիմնադրված է | ապրիլի 15, 1530[2] թ. | ||
Մակերես | 8 կմ² | ||
ԲԾՄ | 1201 մետր | ||
Բնակչություն | ▲31 115 մարդ (2020)[3] | ||
Ժամային գոտի | UTC-6 | ||
Հեռախոսային կոդ | 374 | ||
Փոստային դասիչ | 46400−46404[4] | ||
Ավտոմոբիլային կոդ | 14 | ||
Պաշտոնական կայք | tequilajalisco.gob.mx(իսպ.) | ||
| |||
1983 թվականի դեկտեմբերի 31-ին հաստատվել է քաղաքի զինանշանը, որը կրում է ALMA LAETA NOBILIS լատիներեն դարձվածքը (նշանակում է «զվարթ ու ազնիվ ոգի»), քաղաքի գլխավոր եկեղեցու աշտարակի, տեկիլա թորող գործարանի ծխնելույզների, կապույտ ագավա բույսի և Տեկիլա սարի պատկերները[8]։
Ամեն տարի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 13-ը քաղաքում անց է կացվում տեկիլայի ազգային տոնախմբություն, որին մասնակցում են հարևան տարածաշրջաններից ու արտասահմանյան երկրներից ժամանած հազարավոր զբոսաշրջիկներ[9]։