Դարձվածք
From Wikipedia, the free encyclopedia
Դարձվածքը կառուցվածքով երկու և ավելի բառերի կայուն, իմաստով ամբողջական, վերաիմաստավորված այնպիսի կապակցություն է, որը խոսքում վերարտադրվում է իբրև լեզվական պատրաստի միավոր։ Ժամանակակից հայերենում դարձվածքը հաճախ անվանում են դարձվածաբանական միավոր, դարձվածաբանական արտահայտություն, հատուկ ոճ, որոշ դեպքերում նաև՝ իդիոմ կամ իդիոմային արտահայտություն։
Լեզվաբանական գրականության մեջ միասնական կարծիք չկա դարձվածքի կամ դարձվածաբանական միավորների տարբերակման, դարձվածաբանության ընդգրկման սահմանների վերաբերյալ։ Դարձվածաբանության ավելի լայն ըմբռնման կողմնակիցները դարձվածքների մեջ ներգրավում են առածները, ասացվածքները, աֆորիզմները, թևավոր խոսքերը, հարադրությունները, բարդ հարադրական շաղկապները, բառակապակցական տերմինները, մյուսները՝ դարձվածաբանության ավելի նեղ ըմբռնման կողմնակիցները, հրաժարվում են վերոհիշյալից և դարձվածքներ են համարում միայն իդիոմային արտահայտությունները։
Հայերենում դարձվածքները բաժանվում են չորս խմբի՝ դարձվածքի ընդհանուր իմաստի և դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի միջև գոյություն ունեցող հարաբերության տեսակետից։ Դրանք են՝ դարձվածքային սերտաճում, դարձվածքային միասնություն, դարձվածքային կապակցություն և դարձվածքային արտահայտություն։