Ոչ հոջկինյան լիմֆոմա
From Wikipedia, the free encyclopedia
Ոչ հոջկինյան լիմֆոմա (ՈՀԼ) արյան չարորակ նորագոյացությունների խումբ, որում ընդգրկված են լիմֆոմաների բոլոր տեսակները, բացի Հոջկինի լիմֆոմայից[1]։ Առավել հաճախ հանդիպող ախտանիշներն են մեծացած ավշային հանգույցները, տենդը, գիշերային քրտնարտադրությունը, քաշի կորուստը և հոգնածությունը[1]։ Մյուս ախտանիշներն են ոսկրային ցավերը, կրծքավանդակի ցավը և քորը[1]։ Այս լիմֆոմաներից որոշները դանդաղ մեծացող են, որոշները՝ արագ[1]։
Ոչ հոջկինյան լիմֆոմա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | արյունաբանություն և ուռուցքաբանություն |
ՀՄԴ-9 | 200, 202, 201, 203, 204, 205, 206, 207, 208 և 209 |
ՀՄԴ-10 | C85.9 |
Non-Hodgkin lymphomas Վիքիպահեստում |
Լիմֆոմաները չարորակ նորագոյացություններ են, որոնք առաջանում են լիմֆոցիտներից (լեյկոցիտների ենթատեսակ)[2]։ Ռիսկի գործոններն են իմունիտետի ընկճումը, աուտոիմուն հիվանդությունները, Helicobacter pylori վարակը, հեպատիտ C-ն, ճարպակալումը և Էպշտեյն-Բարր վիրուսային վարակը[1][3]։ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը (ԱՀԿ) լիմֆոմաները դասակարգում է հինգ խմբի, որոնցից մեկը հոջկինյան լիմֆոման է[4]։ Մնացած չորս խմբերում գտնվում են ՈՀԼ-ների մոտ 60 սպեցիֆիկ տեսակները[5][6]։ Ախտորոշումը կատարվում է ոսկրածուծի նմուշի կամ ավշային հանգույցի կենսազննումով[1]։ Ախտորոշման ճառագայթային մեթոդները կիրառվում են նորագոյացության զարգացման փուլը գնահատելու համար[1]։
Բուժման եղանակի ընտրությանը կախված է լիմֆոմաների թվից և աճման արագությունից[1]։ Բուժումը իրականացվում է քիմիոթերապևտիկ, ճառագայթային, իմունոթերապևտիկ մեթոդներով, թիրախային թերապիայով, ցողունային բջիջների փոխպատվաստմամբ և վիրաբուժական եղանակով, երբեմն կիրառվում է սպասողական տակտիկան[1]։ Երբ հակամարմինների մեծ քանակության պատճառով արյունը խտանում է, իրականացվում է պլազմաֆերեզ[1]։ Ճառագայթումը և որոշ քիմիոթերապևտիկ դեղերը կարող են նպաստել այլ նորագոյացությունների, սրտի հիվանդությունների առաջացմանը կամ նյարդերի ախտահարմանը կյանքի հետագա տասնամյակների ընթացքում[1]։
Ըստ 2015 թվականի տվյալների, ՈՀԼ-ով հիվանդ է եղել մոտավորապես 4.3 միլիոն մարդ և մահացել է 231,400 մարդ։ Ըստ կանխատեսումների ԱՄՆ-ում, մարդկանց 2.1%-ի մոտ կյանքի որոշակի պահին կախտորոշվի ՈՀԼ[2]։ Հիվանդությունը մեծ մասամբ ախտորոշվում է 65-75 տարեկանում[2]։ Հինգ տարվա ապրելիությունը կազմում է 71%[2]։