Նորման Մեյլեր
From Wikipedia, the free encyclopedia
Նորման Քինգսլի Մեյլեր (անգլ.՝ Norman Kingsley Mailer, հունվարի 31, 1923(1923-01-31)[1][2][3][…], Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5] - նոյեմբերի 10, 2007(2007-11-10)[6][1][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8]), ամերիկացի գրող, վիպասան, ժուռնալիստ, էսսեիստ, թատերագիր, սցենարիստ, կինոռեժիսոր, դերասան, քաղաքական գործիչ։ Նրա առաջին՝ «Մերկերն ու մեռածները» (The Naked and the Dead) վեպը, որ լույս է տեսել 1948 թվականին, դեռ վաղ հասակում նրան լայն ճանաչում է բերել։ 1968 թվականին հրատարակված ոչ գեղարվեստական «Գիշերային բանակներ» (Armies of the Night) ծավալուն երկն արժանացել է Պուլիտցերյան և Գրքի ազգային մրցանակների։ Շատերի կարծիքով՝ Մեյլերի լավագույն երկը 1979 թվականին «Գեղարվեստական արձակ» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակ շահած «Դահճի երգը» («The Executioner's Song») վեպն է։ Նա հեղինակել է նաև տպավորիչ էսսեներ, որոնցից առավել հայտնին ու հաճախակի վերահրատարակվողը «Սպիտակ նեգրն» է։ Վեց տասնամյակից ավելի ձգված իր գրական գործունեության ընթացքում նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին հաջորդած յոթ տասնամյակներից յուրաքանչյուրում ունեցել է լավ վաճառվող տասնմեկ գիրք, որը լավագույն ցուցանիշն է հետպատերազմյան շրջանի բոլոր ամերիկացի գրողների շարքում[16]։
Թրումեն Կապոտեի, Ջոան Դիդիոնի, Հանթեր Թոմփսոնի և Թոմ Վուլֆի հետ մեկտեղ Մեյլերը համարվում է նոր ժուռնալիզմ անվանվող ժանրի ստեղծողներից մեկը, ժանր, որտեղ համադրվում են իրական փաստերի վրա հիմնված ժուռնալիստիկան և գեղարվեստական գրականության ոճն ու միջոցները։ Համբավավոր վիպասան ու ժուռնալիստ լինելով՝ նա չէր վախենում կոտրել ժանրերի հանրաճանաչ կանոնները, համարձակ փորձեր կատարել՝ դուրս գալով հարմարավետության գոտուց։ Իր ապրելակերպով Մեյլերը կարծես մարմնավորում էր իր իսկ ստեղծագործություններում արձագանքվող հետևյալ գաղափարը. «Կյանքի որքան դաժան, նույքան էլ արդարացի օրենքը պահանջում է, որ անընդհատ աճես, հակառակ դեպքում ստիպված ես լինելու առավելագույնը վճարել չփոխվելուդ, նույնը մնալուդ համար»;
1960 թվականին նա մեղադրվել և երեք տարվա ուղղիչ աշխատանքների է դատապարտվել կնոջը գրպանի դանակով, ահավոր հարբած վիճակում ծանր վնասվածք պատճառելու համար։ Այդ դիպվածի մասին հետագայում գրել է «Անձրևոտ մի իրիկուն, կնոջս հետ» տողով սկսվող բանաստեղծությունը, որտեղ արտահայտել է հետևյալ միտքը. «Եթե դանակ ես գործի դնում, ուրեմն սերը դեռ չի մեռել»[17]։