Նյու Յորքի երկնաքերներ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Նյու Յորքում, Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաբնակեցված քաղաքում գտնվում են ավելի քան 6486 շենքեր, որոնք ունեն առնվազն 35 մ բարձրություն[1], ընդ որում, դրանցից առնվազն 113-ը ունեն 600 ոտնաչափից (183 մետր) ավելի բարձրություն։ Նյու Յորքի ամենաբարձր շենքը Առևտրի համաշխարհային կենտրոնն է, որն ունի 541 մ բարձրություն[2][3]։ Այս 104 հարկանի երկնաքերը համարվում է ԱՄՆ-ի և նաև արևմտյան կիսագնդի ամենաբարձր շենքը և աշխարհի վեց ամենաբարձր շենքերից մեկը[3]։ Նյու Յորքի երկրորդ ամենաբարձր շենքը 432 Փարկ Ավենյուն է՝ 1396 ոտնաչափ կամ 426 մ բարձրությամբ, իսկ երրորդ ամենաբարձրը՝ Էմփայր Սթեյթ Բիլդինգը՝ Միդթաուն Մանհեթենում, որի շինարարությունն ավարտին է հասցվել 1931 թվականին և ունի 1250 ոտնաչափ կամ 381 մ բարձրություն, որն անտենայի շնորհիվ հասել է 1454 ոտնաչափի կամ 443 մետրի[4]։ Էմփայր Սթեյթ Բիլդինգը բարձրությամբ հինգերորդն է ԱՄՆ-ում և 25-րդը աշխարհում։ Այն աշխարհի ամենաբարձր շենքն էր մինչև 1972 թվականը, երբ կառուցվեց Համաշխարհային առևտրի կենտրոնի 110 հարկանի հյուսիսային աշտարակը (417 մ)։ Այն միանգամից ստացավ աշխարհի ամենաբարձր շենքի տիտղոսը մինչև 1974 թվականը, երբ Չիկագոյում շահագործման հանձնվեց 108 հարկանի Ուիլիս-թաուերը։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ավերվեցին Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակները և Էմփայր Սթեյթ Բիլդինգը վերստացավ Նյու Յորքի ամենաբարձր շենքի իր տիտղոսը, որը պահպանվեց մինչև 2012 թվականի ապրիլը, երբ առևտրի համաշխարհային կենտրոնը գերազանցեց նրա բարձրությունը։ Նյու Յորքի բարձրությամբ չորրորդ շենքը Ամերիկայի բանկի աշտարակն է, որը, ծայրաձողով հանդերձ, հասնում է 1200 ոտնաչափ կամ 366 մ բարձրության[5]։ Հինգերորդ տեղում են Քրայսլեր Բիլդինգը, որը 1930-1931 թվականներին համարվել է աշխարհի ամենաբարձր շենքը[6] և Նյու Յորք Թայմս Բիլդինգը, որը շահագործման է հանձնվել 2007 թվականին[7]։ Եթե Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակները դեռ կանգուն լինեին, նրանք բարձրությամբ երրորդ և չորրորդ տեղերում կլինեին, կամ երկրորդ և երրորդ տեղերում՝ եթե նոր շենքերը կառուցված չլինեին։ Միայն 432 Փարկ Ավենյու շենքն է ավելի բարձր։ Նյու Յորքի երկնաքերները կենտրոնացված են Միդթաուն Մանհեթենում և Ստորին Մանհեթենում, թեև Նյու Յորքի մնացած թաղամասերում ևս՝ Մանհեթենի շրջակայքում, Բրուքլինում, Բրոնքսում և Քուինսում կան մի շարք երկնաքերեր։ 2016 թվականի մայիսի տվյալներով, ամբողջ քաղաքն ունի առնվազն 152 մ բարձրությամբ 241 շենք, ներառյալ նրանք, որոնք դեռ շինարարության մեջ են[8]։ Այս թիվը ավելի մեծ է, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների մեկ այլ քաղաքի երկնաքերների թիվը[9]։ 2003 թվականից ի վեր Նյու Յորքում կառուցվել են 183 մետրը գերազանցող 24 շենք, ներառյալ Առևտրի համաշխարհային կենտրոնը, որը դարձավ երկրի ամենաբարձր շենքը շահագործման հանձնվելուց հետո։ Եվս 20 շենք դեռևս շինարարության փուլում է[3][10][11]։ Առևտրի համաշխարհային կենտրոնի մաս են կազմում 297 մ բարձրությամբ չորրորդ[12], յոթերորդ և դեռևս շինարարության փուլում գտնվող 411 մ բարձրությամբ երկրորդ և 329 մ բարձրությամբ երրորդ շենքերը[13][14]։ Ընդհանուր առմամբ, 2016 թվականի ապրիլի տվյալներով Նյու Յորքում գտնվում են 494 ավարտուն և կիսավարտ երկնաքերներ[15]։