Ներխուժում Լեհաստան
From Wikipedia, the free encyclopedia
Ներխուժում Լեհաստան, Լեհաստանում հայտնի որպես Սեպտեմբերյան արշավանք (Kampania wrześniowa) կամ 1939 թվականի Պաշտպանական պատերազմ (Wojna obronna 1939 roku) և Գերմանիայում որպես Լեհական արշավանք (Polenfeldzug) կամ Վայսի նախագիծ, համատեղ ներխուժում Լեհաստան Նացիստական Գերմանիայի, ԽՍՀՄ-ի, Ազատ քաղաք Դանցիգի և Սլովակիայի փոքրիկ ջոկատի կողմից, որից սկիզբ առավ Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Գերմանացիները ներխուժեցին Լեհաստան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից մեկ շաբաթ անց, իսկ ԽՍՀՄ-ը ներխուժեց Լեհաստան սեպտեմբերի 17-ին, երբ ԽՍՀՄ-ը ավարտեց ռազմական գործողությունները Ճապոնիայի դեմ սեպտեմբերի 16-ին[2]։ Գործողությունը ավարտվեց հոկտեմբերի 6-ին Գերմանիայի և ԽՍՀՄ կողմից Լեհաստանի տարածքի բաժանմամբ` համաձայն Խորհրդա-գերմանական սահմանագծային պայմանագրի։
Ներխուժում Լեհաստան | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Երկրորդ համաշխարհային պատերազմի Եվրոպական ռազմաբեմ | |||||||||||
Ձախից աջ` Լյուֆթվաֆեն նախապատրաստում է ռմբակոծել Վելյունը, SMS Schleswig-Holstein ռազմանավը գրոհում է Վեստերպլատը, Վերմախտի զինվորները շարքից հանում են գերմանա-լեհական սահմանի անցակետը, Գերմանական տանկ և զրահամեքենա, Գերմանացի և Խորհրդային զինվորների ձեռքսեղմումը ներխուժումից հետո, Վարշավայի ռմբակոծություն։ | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Գերմանիա Ազատ քաղաք Դանցիգ[1] Սլովակիայի հանրապետություն ԽՍՀՄ |
Լեհաստան | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Ֆեդոր ֆոն Բոկ (Բանակային խումբ հյուսիս) Գերդ ֆոն Գերնդշտադտ (Հարավ բանակախումբ) |
Էդվարդ Ռիդս-Սմիգլի (Լեհաստանի մարշալ) Վացլավ Ստախևիչ (գլխավոր շտաբի պետ) |
Գերմանական զորքերը ներխուժեցին Լեհաստան հյուսիսից, հարավից և արևմուտքից, Գլայվիցի պատահարից հետո։ Քանի որ Վերմախտը առաջ էր գնում, լեհական զորքերը նահանջեցին իրենց սկզբնական դիրքերից և պաշտպանողական գիծ կառուցեցին արևելքում։ Սեպտեմբերի կեսին Լեհաստանի՝ Բզուրայի ճակատամարտում կրած պարտությունից հետո գերմանացիների առավելությունը մեծացավ։ Այնուհետև լեհական զորքերը նահանջեցին հարավ-արևելք, որտեղ նրանք նախապատրաստում էին երկար պաշտպանվել` հույս ունենալով ստանալ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի օգնությունը[3]։ Չնայած այս երկու երկրները Լեհաստանի դաշնակիցներն էին և պատերազմ էին հայտարարել Գերմանիային սեպտեմբերի 3-ին, նրանց օգնությունը խիստ սահմանափակ էր։
Խորհրդային Կարմիր բանակը ներխուժեց Արևելյան Լեհաստան սեպտեմբերի 17-ին, համաձայն գաղտնի Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի` ի չիքս դարձնելով լեհերի պաշպանողական պլանները[4]։ Բախվելով երկրորդ ճակատի հետ` Լեհաստանի կառավարությունը որոշեց, որ այլևս պաշտպանվելը անիմաստ է և հրամայեց բոլոր զինվորներին շտապ հեռանալ չեզոք Ռումինիա[5]։ Հոկտեմբերի 6-ին Լեհաստանը ամբողջությամբ անցավ Գերմանիայի և ԽՍՀՄ վերահսկողության տակ։ Ներխուժման արդյունքում վերջ դրվեց Լեհաստանի երկրորդ հանրապետությանը, չնայած Լեհաստանը անձնատուր չեղավ։
Հոկտեմբերի 8-ին, ժամանակավոր ռազմական կառավարումից հետո, Գերմանիան անմիջականորեն իրեն կցեց արևմտյան Լեհաստանը և նախկին ազատ քաղաք Դանցիգը, դրանք հայտարարելով գերմանական տարածքներ, իսկ մնացյալ լեհական տարածքը թողեց նոր ձևավորված Զինակալված լեհական մարզերի Գեներալ-նահանգապետության կառավարման ներքո, որը մեկ տարի անց վերանվանվեց՝ Գերմանական կայսրության Գեներալ-նահանգապետություն, և որի մայրաքաղաքը դարձավ Կրակովը՝ Լեհաստանի միջնադարյան մայրաքաղաքը։ Խորհրդային միությունը իրեն բաժին հասած տարածքը կցեց Բելառուսական և Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին և անմիջապես սկսեց խորհրդայնացման գործողությունը։ Ներխուժման արդյունքում Լեհաստանում ստեղծվեց Լեհաստանի ընդհատակյա պետությունը նախկին Լեհաստանի տարածքում։ Արտաքսված շատ զինվորներ միացան դաշնակիցների ուժերին և շարունակեցին պայքարը զավթիչների դեմ։ Գերմանա-խորհրդային ռազմական ներխուժմամբ և երկրի տարածքների փաստացի բռնազավթմամբ լեհ ժողովրդի դրամատիկ և հերոսական պատմության ընթացքում հերթական՝ 5-րդ անգամ վերջ տրվեց անկախ լեհական պետությանը։