Մայք Թայսոն
From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Ջերարդ Թայսոն (անգլ.՝ Michael Gerard Tyson, հունիսի 30, 1966(1966-06-30)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանրքաշային կարգի ներկայացուցիչ, համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ ամենահայտնի և ճանաչված բռնցքամարտիկներից մեկը։ Առաջին ծանրքաշային կարգում երիտասարդների Օլիմպիական չեմպիոն (1982)։ Ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1987–1990): WBC (1986–1990, 1996), WBA (1987–1990, 1996), IBF (1987–1990), «Ռինգ» ամսագրի (1988–1990) վարկածներով աշխարհի չեմպիոն։ «Ռինգ» ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ» (1986, 1988)։ BWAA վարկածով «Տարվա բռնցքամարտիկ» (1986,1988)։ 1985 թվականին «Ռինգ» ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա հեռանկարային բռնցքամարտիկ»։ «Ռինգ» ամսագրի կողմից ճանաչվել է լավագույն բռնցքամարտիկ՝ անկախ քաշային կարգից (1987–1989): BBC վարկածով «Տարվա մարզիկ» (1989)։ BBC վարկածով տարվա օտարերկրացի մարզիկ (1989), միջազգային և համաշխարհային փառքի սրահների անդամ (2010), (2011), Նևադայի բռնցքամարտի փառքի սրահի (2013) և WWE փառքի սրահի անդամ։ Լաս Վեգասում տեղի ունեցած WBC ամենամյա 49-րդ կոնվենցիայի ժամանակ Մայք Թայսոնն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում և հանդիսավոր կերպով ստացել է երկու վկայական՝ իր նոկաուտների և ծանրքաշային կարգում երիտասարդ հասակում աշխարհի չեմպիոն դառնալու համար։
Մայք Թայսոն | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Ամբողջական անուն | Մայքլ Ջերարդ Թայսոն (անգլ.՝ Michael Gerard Tyson) |
Մականուն | Երկաթե (անգլ.՝ Iron) Մոլորակի ամենավտանգավոր մարդ (անգլ.՝ The Baddest Man on the Planet) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 30, 1966(1966-06-30)[1][2][3][…] (57 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք |
Քաշային կարգ | ծանր (90,7 կգ-ից բարձր) |
Հասակ | 178 սմ |
Թափ | 180 ամ |
Ոճ | Պիկ ա բու |
Պրոֆեսիոնալ կարիերա | |
Վերջին մարտ | 2005 թվական հունիսի 11 |
Չեմպիոնական գոտի | |
Մարտերի թիվ | 58 |
Հաղթանակների թիվ | 50 |
Հաղթանակ նոկաուտով | 44 |
Պարտություն | 6 |
miketyson.com |
«Ռինգ» ամսագրի կողմից 4 անգամ արժանացել է «Տարվա իրադարձություն» մրցանակին։ ESPN հեռուստաալիքի վարկածով «Սպորտի պատմության մեջ ամենադաժան մարդը» և «Պատմության մեջ ամենաուժեղ նոկաուտիստ»։
Համարվում է մի քանի համաշխարհային ռեկորդի հեղինակ․ ծանրքաշային կարգում ամենաերիտասարդ չեմպիոն (20 տարեկան հասակում), ծանրքաշային կարգում ամենաերիտասարդ աշխարհի բացարձակ չեմպիոն (21 տարեկանում), իր առաջին մարտից հետո նա կարճ ժամանակում արժանացել է չեմպիոնական տիտղոսի և դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն։ Առաջին և միակ բացարձակ չեմպիոնը, որը մեկը մյուսի հետևից արժանացել է երեք տիտղոսի։ Եղել է միակ ծանրքաշային բռնցքամարտիկը, որը ամենաբարձրն է վարձատրվել, բռնցքամարտի պատմության մեջ տեղի ունեցած 10 ամենաթանկ մարտերից 6-ը տեղի են ունեցել Մայք Թայսոնի գլխավորությամբ։ 6 անգամ անընդմեջ նա պաշտպանել է աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը՝ WBC, WBA, IBF վարկածներով։ Երիտասարդական Օլիմպիական խաղերում 8 վայրկյանում նոկաուտի է ենթարկել իր մրցակցին։ ծանրքաշային կարգում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար տեղի ունեցած մարտերում իր հաղթանակների համար։ Թայսոնը հայտնի էր բռնցքամարտի իր բռնի և վախեցնող ոճով, ինչպես նաև իր հակասական պահվածքով ռինգի ներսում և ռինգից դուրս, մասնավորապես բռնցքամարտի ժամանակ կծելով պոկել է Էվանդեր Հոլիֆիլդի ականջի մի մասը, Բրայան Նիլսենի դեմ մարտի ժամանակ հարվածել է գոտկատեղից ներքև Նիլսենի աճուկին ինչի արդյունքում Նիլսենին տրվել է մի քանի րոպե ժամանակ հանգստանալու և մարտը շարունակելու համար իր մենամարտերից շատերի ժամանակ աչքի է ընկել կոպիտ խախտումներով։ Նշանավոր բռնցքամարտիկ Լարի Հոլմսը Թայսոնի դեմ մենամարտից հետո ասել է. «երբ Թայսոնը հարվածում էր թվում էր թե արագընթվաց ֆերարին ինձ վրաերթի է ենթարկում»։
Թայսոնը երեք անգամ դատապարտվել է՝ 1992 թվական (բռնաբարության համար դատապարտվել է 6 տարի ազատազրկման, սակայն բանտում անց է կացրել ընդամենը 3 տարի[4][5][6]), 1998 թվական (ծեծել է այն մարդկանց, որոնք հարվածել էին իր մեքենային, որի համար ազատազրկման է ենթարկվել 3,5 ամիս ժամկետով), 2008 թվական (մեկ օր անց է կացրել բանտում՝ թմրանյութեր օգտագործելու պատճառով)։ Երիտասարդ տարիքում նույնպես հայտնվել է մանկական գաղութներում։ Ամուսնացել է 3 անգամ և ունեցել է ութ երեխա։ 2009 թվականին ողբերգական մահով մահացել է նրա չորս տարեկան աղջիկը։ Դավանում է իսլամ և կրում է Մալիկ Աբդուլ Ազիզ անունը (անգլ.՝ Malik Abdul Aziz): Հանդիսանում է վեգանության ներկայացուցիչ։
Բացի բռնցքամարտից Մայք Թայսոնը հայտնի է նաև իր դերասանական կարիերայով։ Մասնակցել է «Թայսոն» ինքնակենսագրական ֆիլմի սցենարի ստեղծման աշխատանքներին։ Նկարահանվել է երկու վավերագրական ֆիլմում՝ «Փառքի մյուս կողմը» (2003 թվական) և «Մայք Թայսոն» (2009 թվական)։ 2016 թվականին խաղացել է «Իպ Ման 3» ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Մականունը՝ «Երկաթե Մայք»։