Հայ-վրացական պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Հայ-վրացական պատերազմ, սահմանային կարճատև պատերազմ Հայաստանի առաջին հանրապետության և Վրաստանի դեմոկրատական հանրապետության միջև, որը տեղի է ունեցել 1918 թվականի դեկտեմբերին՝ հակամարտող երկրների անկախության հռչակումից կարճ ժամանակ անց։ Ռազմական գործողությունները մեծապես ծավալվել են երկու պետությունների սահմանամերձ շրջաններում՝ Լոռիում, Ջավախքում (Ախալքալաք) և Քվեմո Քարթլիում։ Հայկական զորաբանակը գլխավորում էր առաջին հանրապետության ռազմական նախարար, զորավար և ֆիդայի Դրաստամատ Կանայանը։ Վրացական բանակը գործում էր Հարավային Կովկասում հաստատված գերմանական կայազորների զորակցությամբ, իսկ վրաց-գերմանական միացյալ ուժերի գլուխ կանգնած էին Գիորգի Մազնիաշվիլին, Գիորգի Կվինիտաձեն և Վալիկո Ջուղելին։
[[Պատկեր:s|250x350px]] | |
Թվական | դեկտեմբերի 7-31, 1918 |
Մասն է | Հետպատերազմյան բախումներ |
Վայր | Քվեմո Քարթլի, Ջավախք և Լոռի |
Արդյունք | Հայ-վրացական արձանագրություններից բխող կետեր՝
|
Հակառակորդներ | |
Հայաստանի Առաջին Հանրապետություն | Վրաստանի դեմոկրատական հանրապետություն Աջակիցներ՝ Գերմանական կայսրություն |
Հրամանատարներ | |
Դրաստամատ Կանայան Մովսես Սիլիկյան Հովհաննես Հախվերդյան | Գիորգի Մազնիաշվիլի Վալիկո Ջուղելի Գիորգի Կվինիտաձե |
Կողմերի ուժեր | |
Լոռիում՝
Ախալքալաքում՝
| Լոռիում՝
Ախալքալաքում՝
|
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Նորանկախ կովկասյան հանրապետությունները 20-րդ դարի առաջին տասնամյակում կանգնած էին բազմաթիվ խնդիրների առջև։ Մի կողմից սպառնում էր Թուրքիան, որը Հայոց ցեղասպանությունից հետո ձգտում էր նաև թափանցել Արևելյան Հայաստան և Կովկաս, սակայն 1918 թվականին, կրելով ծանր պարտություն Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում, ստիպված էր սպասել։ Վրաստանում իրավիճակը բավականին տարբեր էր․ մայիսի 28-ին կնքված պայմանագրով վրացական կողմը թույլատրել էր գերմանական բանակին հաստատվել Վրաստանի տարածքում, ինչն էլ երկրում ստեղծել էր անկայուն քաղաքական իրավիճակ։ Տարածաշրջանային ուժերի անհամաչափ բաշխվածությունը, թուրք-ռուսական համագործակցությունը, կովկասյան թաթարների անդադար հարձակումները ստիպում էին Հայաստանի կառավարությանը անընդհատ լինել պատերազմական վիճակում։ Վրաստանն իր հերթին հավակնում էր զբաղեցնել Լոռու երկրամասը՝ անտեսելով հայաբնակ Ջավախքի հիմնախնդիրը։ Ղարաքիլիսայում կրած պարտությունից հետո դեպի Թիֆլիս շարժվող թուրքական զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով վրաց-գերմանական զորքերը մտնում են Լոռի։ Շատ չանցած, խախտելով հայերի հետ ձեռք բերված համաձայնությունը, նրանք հայտնում են Լոռու ինքնավարության մասին։ Լոռիում որպես ընդհանուր կառավարման մարմին ստեղծվում է կոմիսարիատ, որը ղեկավարում էր Ալավերդում կենտրոնացած գերմանական պարետը։ Հընթացս Վրաստանի իշխանությունները՝ Նոյ Ժորդանիայի գլխավորությամբ, ցանկանում են դիվանագիտական մակարդակով ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որն էլ ավելի է սրացնում երկկողմ հարաբերությունները՝ մեծացնելով պատերազմի սկսման հավանականությունը։
Դեկտեմբերի 13-ին Հայաստանի կառավարությունը հրամայում է Դիլիջան-Լոռի զորամասի հրամանատար Դրոյին մաքրել Լոռին վրացական զորքերից։ Գործողությունների հենց առաջին օրը գնդապետ Տեր-Նիկողոսյանի զորամասը գիշերային անակնկալ գրոհով ազատագրեց Տաշիրն ու Պրիվոլնոյեն։ Վրացիների երեք զրահապատ գնացքները համառ դիմադրություն էին ցույց տալիս և բավական բարդացնում էին հայկական զորամասերի դրությունը։ Պատերազմի ամենաթեժ փուլն ընթանում է Շուլավեր գյուղի տարածքում, որտեղ ևս առավելության են հասնում հայերը։ Շուտով դաշնակից երկրների ներկայացուցիչների ներգործմամբ վրացական կառավարությունը հաշտության առաջարկով դիմում է Հովհաննես Քաջազնունուն։
Դեկտեմբերի 30-ի բանակցության արդյունքում վերջնականապես համաձայնություն է ձեռք բերվում պատերազմական գործողությունները դադարեցնել նոր տարվա գալուն պես՝ դեկտեմբերի 31-ի գիշերը։ Հունվարի 1-ին հայկական հաշտարար պատվիրակությունը Ղարաքիլիսայից մեկնում է Թիֆլիս և նախապատրաստական աշխատանքներից հետո հունվարի 9-17-ը ընկած ժամանակահատվածում դաշնակիցների մասնակցությամբ կայանում է խորհրդաժողով։ Խորհրդաժողովի ընթացքում Լոռիում ստեղծվում է չեզոք գոտի, որը շուտով պետք է անցնցում կերպով միացվեր Հայաստանին, իսկ Ջավախքի վերաբերյալ բանակցությունները տապալվում են մեծ տերությունների վրացակողմ դիրքորոշման հետևանքով։ Այս դեպքերի կապակցությամբ Հովհաննես Հախվերդյանն ասել է․
Պատերազմի արդյունքը նախ այն էր, որ հայերը փաստորեն իրենց ձեռքին պահեցին գրավված տարածքները և երկրորդը, կոտրվեց վրացիների ամբարտավանությունը, ովքեր սկսեցին ավելի զգույշ վերաբերվել հայերին |
Պատերազմը քննադատաբար ընդունվել է հասարակության լայն շրջանակներում։ «Ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանը հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է երկու հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին։ Այս դեպքերին քննադատաբար էին մոտենում նաև Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշները։ Խաղաղության կոչով է հանդես եկել նաև ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը։ Այնուամենայնիվ, հայ-վրացական պատերազմից հետո հստակեցվում է երկու պետությունների միջպետական սահմանները, վերականգնվում է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները, և, որ թերևս ամենակարևորն է, վերջնականապես լուծվում է Հայաստանի համար ամենակենսական խնդիրներից մեկը` վերագործարկվում է երկաթուղին` արտաքին աշխարհի հետ Հայաստանի հաղորդակցման կարևորագույն միջոցը։