Կլեոպատրա (ֆիլմ, 1963)
1963 թվականին նկարահանված ամերիկյան պատմական ֆիլմ (ռեժիսոր Ջոզեֆ Մանկևիչ) / From Wikipedia, the free encyclopedia
«Կլեոպատրա», ռեժիսոր Ջոզեֆ Մանկևիչի նկարահանած դրաման, պեպլումը, Էլիզաբեթ Թեյլոր և Ռիչարդ Բարթոն դերասանական զույգի ամենահայտնի գործերից[Ն 1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կլեոպատրա (այլ կիրառումներ)
Ֆիլմը ներկայացնում է մ.թ.ա. 48-30 թվականների իրադարձությունները՝ պատմելով Կլեոպատրայի կյանքի ու մահվան պատմությունը, նրա հարաբերությունները Հուլիոս Կեսարի և Մարկոս Անտոնիոսի հետ։ Ֆիլմի նկարահանումներն անցել են Իտալիայում, Իսպանիայում և Անգլիայում։ «Կլեոպատրա»-ն համարվում է կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆիլմերից մեկը[6]։ Ֆիլմի արտադրությունը տևեց ավելի քան չորս տարի, իսկ նկարահանումներին ծախսվեց ավելի քան 44 միլիոն դոլար (2006 թվականի գներով՝ 290 միլիոն)։ Էլիզաբեթ Թեյլորը որպես հոնորար պահանջեց ավելի քան 1 միլիոն դոլար և ըստ որոշ գնահատականների՝ ընդհանուր առմամբ նկարահանումներին մասնակցելիս ստացավ մինչև 7 միլիոն դոլար[7]։ Ֆիլմը համարվում է կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենահայտնի ֆինանսական ձախողումներից մեկը։ 1963 թվականին վարձույթում հավաքեց մոտավորապես 63 միլիոն դոլար, բայց փոխհատուցման ցուցանիշներն ի հայտ եկան միայն 1967 թվականին, երբ վաճառվեցին հեռուստատեսային ցուցադրության իրավունքները։ Ձգձգված արտադրությունը, մի քանի ռեժիսորների փոփոխությունը, պրոդյուսերի հեռացումը, բյուջեի գերածախսը 20th Century Fox ընկերությանը կանգնեցրին սնանկության եզրին և ավարտվեցին ընկերության նախագահ Սփիրոս Սքոուրասի պաշտոնանկությամբ։ Մամուլի ակնդետ ուշադրությունը գրավեց նկարահանման հրապարակում Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բարթոնի սկանդալային սիրավեպը։
Ֆիլմը ստացավ մասնագետների հակասական գնահատականներ։ Հիմնական թերությունը դարձավ ֆիլմի երկու մասերի ոճական և ժանրային անմիօրինակությունը։ Առաջին մասը նկարահանված է պատմական ֆիլմի ավանդույթներով, իսկ երկրորդը՝ որպես մելոդրամա։ Բարձր գնահատականի արժանացավ ֆիլմի տեսողական բաղադրիչը, Գայոս Հուլիոս Կեսարի կերպարը մարմնավորած Ռեքս Հարիսոնի և երկրորդ պլանի դերակատարների դերասանական խաղը։ Չնայած հաղթած չորս Օսկար մրցանակին՝ ֆիլմը նախանշեց պեպլումների դարաշրջանի և կինեմատոգրաֆիայի ողջ ստուդիական համակարգի արևամուտը։