Էվգենիուս Վարմինգ
From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Էվգենիուս (Եվգենի) Վարմինգ (դան․՝ Johannes Eugenius Bülow Warming, նոյեմբերի 3, 1840(1840-11-03)[1][2][3][…] կամ նոյեմբերի 3, 1841(1841-11-03)[4], Mandø, Էսբյերգ, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա[5] - ապրիլի 2, 1924(1924-04-02)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[5]), դանիացի բուսաբան, ալգոլոգաբան, սնկաբան, մանրէաբան, համալսարանական պրոֆեսոր։
Եվգենի Վարմինգը էկոլոգիա կենսաբանական բաժնի հիմնադիրներից մեկն է։ Հրատարակել է բույսերի էկոլոգիայի վերաբերյալ առաջին գիրքը («Экологическая география растений», 1896)։ Համալսարանական էկոլոգիա առարկայի առաջին դասավանդողն է եղել։
Բույսերի էկոլոգիական մորֆոլոգիայի հիմնադիրներից մեկն է[8]։ Նա բույսերի տարածվելը կապել է կենսական որոշակի պայմանների հետ[9]։ Մշակել է «կենսաձևերի» ուսմունքը, որի ներքո հասկացել է «ձևը, ըստ որի բույսի (առանձնյակի) վեգետատիվ կառուցվածքն իր ամբողջ կյանքի ընթացքում ներդաշնակ է շրջակա միջավայրի հետ՝ ծնունդից մինչև գերեզման, սերմից մինչև մահ»[10]։ Վարմինգը համարել է, որ բուսաբանության և էկոլոգիայի ուսումնասիրության օբյեկտները պետք է լինեն կենսաձևերը, համայնքները և համայնքների դասերը․ համայնքը հիմնական միավոր է, որը բնութագրվում է երեք հատկություններով՝ որոշակի դիմագծերով, որոշակի էկոլոգիայով և կենսաձևերի որոշակի շարքով։ 1895 թվականին բուսաբանության մեջ ներմուծել է էֆարմոնիա եզրույթը («эфармония»)[11] և առաջարկել է բույսերի կենսաձևերի էֆարմոնիկ դասակարգում[12]։
Եվգենի Վարմինգը գրել է մի շարք դասագրքեր բուսաբանության, կենսաշխարհագրության, էկոլոգիայի, մանրէաբանության և բույսերի համակարգի ու զարգացման վերաբերյալ («Plantesamfund» և «Haandbog i den systematiske Botanik»), որոնք, թարգմանվելով են մի քանի լեզուներով, ինչպես իր ժամանակին, այնպես էլ հետագայում էականորեն ազդել են բուսաբանության և ընդհանուր առմամբ էկոլոգիայի զարգացման գործընթացի վրա։
Ռուսաստանում լայն տարածում են գտել Վարմինգի 1879 թվականին լույս տեսած «Բույսերի դասակարգում» (Систематика растений, 1893) և 1900 թվականին լույս տեսած «Բույսը և նրա կյանքը» (Растение и его жизнь, 1904) ռուսերեն թարգմանությունները[13]։