Էմելին Փանքհերսթ
From Wikipedia, the free encyclopedia
Էմելին Փանքհերսթ (անգլ.՝ Emmeline Pankhurst, հուլիսի 15, 1858(1858-07-15)[2][3], Moss Side, Lancashire - հունիսի 14, 1928(1928-06-14)[4][5][6][…], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7]), բրիտանացի հասարակական և քաղաքական գործիչ, կանանց իրավունքների համար պայքարող, բրիտանական սուֆրաժիստական շարժման առաջնորդ, կարևոր դերակատարում է ունեցել կանանց ընտրական իրավունքների համար մղվող պայքարում։ Դուստրը՝ Սիլվիա Պանկհյորսթը շարունակել է նրա գործը։
Էմելին Փանքհերսթ | |
Կուսակցություն՝ | Women's Party?, Independent Labour Party? և Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Բարձրագույն նորմալ դպրոց[1] |
Մասնագիտություն՝ | սուֆրաժիստ, քաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան, իրավապաշտպան և գրող |
Ծննդյան օր | հուլիսի 15, 1858(1858-07-15)[2][3] |
Ծննդավայր | Moss Side, Lancashire |
Վախճանի օր | հունիսի 14, 1928(1928-06-14)[4][5][6][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[7] |
Թաղված | Բրոմփթոնի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Հայր | Robert Goulden?[5] |
Մայր | Sophia Jane Craine?[5] |
Ամուսին | Richard Pankhurst?[2] |
Զավակներ | Sylvia Pankhurst?[2], Christabel Pankhurst?[2], Ադելա Պանկյորսթ[5], Henry Francis R. Pankhurst?[5], Henry Francis Pankhurst?[5], Mary Hodgson?[8], Joan Pembridge?[9] և Elizabeth Tudor?[9] |
Պարգևներ | |
1999 թվականին «Թայմ» շաբաթաթերթը Պանկհյորթին ներառել է 20-րդ դարի հարյուր հերոսների և կուռքերի թվի մեջ, նշելով, որ «Նա ստեղծել է մեր ժամանակների կնոջ կերպար՝ հասարակությանը տեղափոխելով նոր հարթություն, որտեղից վերադարձ չկա»[12]։
Եվ չնայած նա բավականին հաճախ քննադատության է ենթարկվել իրեն հատուկ ագրեսիվ, ռազմատենչ ոճի համար, այնուամենայնիվ մեծամասնության կողմից առանցքային են ճանաչվել Մեծ Բրիտանիայում կանանց ընտրական իրավունքի ընդլայնման գործում նրա կյանքի գործունեության հաջողությունները։ Այդուհանդերձ, ձայնի իրավունքի համար պայքարի հասարակական աջակցության վրա նրա գործունեության իրական ազդեցության վերաբերյալ մինչ օրս չկա միասնական տեսակետ պատմաբանների շրջանում։
Էմմելին Պանկհյորսթը (ծնունդով՝ Գուլդեն) ծնվել և մեծացել է Մանչեսթերում։ Գուլդենները պատկանել են անգլիական հասարակության քաղաքականապես ակտիվ մասին, ուստի զարմանալի չէ, որ Էմմելինը սուֆրաժիստական շարժմանը ծանոթացել է արդեն ութնամյա տարիքում։ Ծնողները նրան պատրաստել էին հանգիստ ընտանեկան կյանքի, կնոջ և մոր դերի համար, սակայն դա նրան չի խանգարել, որ սովորի Փարիզի մանկավարժական դպրոցում։
1878 թվականին նա ամուսնացել է բարրիստեր (փաստաբան) Ռիչարդ Պանկհյորսթի հետ, որը հայտնի է կանանց ընտրական իրավունքի համար կամպանիային իր աջակցությամբ։ Նրանք ունեցել են հինգ երեխա։ Պանկհյորսթն ակտիվորեն նպաստել է կանանց աշխարհիկ գործունեությանը, իսկ 1889 թվականին ամուսինները հիմնել են Կանանց ընտրական իրավունքի լիգա։ Երբ կազմակերպությունը փլուզվել է, Էմմելինը փորձել է համալրել ձախ՝ Անկախ լեյբորիստական կուսակցության շարքերը, սոցիալիստ Քեիր Հարդիի հետ ունեցած իր բարեկամական կապերի միջոցով, սակայն տեղական կուսակցական բջիջներից մեկը նրան մերժել է անդամակցության մեջ՝ ելնելով դիմողի սեռական պատկանելությունից։ Նա նաև աշխատել է աղքատների գործերով հովանավորչական խորհրդում, որտեղ ցնցվել է Մանչեսթերի աշխատանքային տան սարսափելի պայմաններից։
1903 թվականին, արդեն ամուսնու մահից հետո, Պանկհյորսթը հիմնադրել է Կանանց սոցիալ-քաղաքական միություն (ԿՍՔՄ, անգլ.՝ Women’s Social and Political Union), ակտիվիստական կազմակերպություն, որն առաջատար պայքար է վարել կանանց ընտրական իրավունքներ տրամադրելու գործում, որի կարգախոսն էր «ոչ թե խոսքով, այլ գործով»[13]։
Միությունը գործել է անկախ, նույնիսկ եղել է ընդդիմադիր ուժ բրիտանական կուսակցությունների մեծամասնության նկատմամբ։ Կազմակերպությունն արագորեն տխուր համբավ է ձեռք բերել այն բանից հետո, երբ նրա անդամները սկսել են զբաղվել պատուհաններ կոտրելով և ոստիկանության ներկայացուցիչների վրա հարձակում գործելով։ Պանկհյորթն իր դուստրերի հետ միասին բազմիցս դատապարտվել է ազատազրկման։ Բանտերում նա հացադուլ է հայտարարել ՝ պահանջելով դատապարտյալների պայմանների բարելավում։ Կառավարության և ԿՍՔՄ միջև անտագոնիզմն ավելի սրվել է, երբ կազմակերպության ղեկավար է դարձել Պանկհյորսթի ավագ դուստրը՝ Քրիստաբելը։ Հրդեհներն և պայթյունները ժամանակի ընթացքում դարձել են ֆեմինիստական կազմակերպության սովորական մարտավարությունը, ինչը հանգեցրել է ավելի չափավոր կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Պանկհյորսթների ամբողջ ընտանիքի քննադատությանը։ 1913 թվականին ԿՍՔՄ մի քանի հայտնի ներկայացուցիչներ դուրս են եկել կազմակերպությունից, այդ թվում ՝ Պանկհյորսթի երկու կրտսեր դստրերը՝ Ադելան և Սիլվիան։ Ընտանեկան հարաբերություններում եղած տարաձայնություններն այդպես էլ երբեք չեն հարթվել։
Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով Էմմելինը և Քրիստաբելը հանդես են եկել սուֆրաժիստական ռազմատենչ շարժումը դադարեցնելու պահանջով՝ աջակցելով բրիտանական կառավարությանը «գերմանական սպառնալիքի» դեմ պայքարում[14]։ Նրանք կանանց կոչ էին անում աջակցել արդյունաբերական արտադրությանը և ամեն կերպ խրախուսում էին, որ պատանիները ռազմաճակատ մեկնեն։
1918 թվականին խորհրդարանի որոշմամբ, երբ ձայնի իրավունք տրամադրվեց 30 տարին բոլորած բոլոր կանանց, Պանկհյորսթը ԿՍՔՄ վերանվանել է Կանանց կուսակցություն (անգլ.՝ Women’s Party), որը հանդես էր գալիս կանանց և տղամարդկանց քաղաքացիական իրավունքների հավասարության օգտին։ Կյանքի վերջին տարիներին նա մտահոգված է եղել այն վտանգից, որը, ինչպես նա համարում էր, իր հետ բերել էր բոլշևիզմը, և, ի վերջո միացել էՄեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությանը՝ հաջողություն չունենալով անկախ քաղաքական գործունեության մեջ։
Էմմելին Պանկհյորսթը մահացել է 1928 թվականին, որից երկու տարի անց նրա հիշատակն անմահացվել է Լոնդոնում՝ Վեստմինստերյան պալատի մոտ գտնվող Վիկտորիա աշտարակի այգում արձան կանգնեցնելով։