Էբոլա վիրուսային հիվանդություն
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Էբոլա վիրուսային հիվանդութուն (ԷՎՀ), հայտնի նաև որպես Էբոլա հեմոռագիկ տենդ (ԷՀՏ) կամ պարզապես Էբոլա, մարդկանց և այլ պրիմատների վիրուսային հեմոռագիկ տենդ՝ առաջացած էբոլավիրուսներով[2]։ Ախտանշանները հիմնականում սկսվում են վիրուսով վարակվելուց հետո 2 օրից 3 շաբաթվա ընթացքում, դրանք են՝ տենդ, կոկորդի ցավ, մկանային ցավեր և գլխացավեր[2]։ Վերջիններիս հաջորդում են փսխումները, փորլուծությունը, ցանը, որոնք ուղեկցվում են լյարդի և երիկամների ֆունկցիոնալության նվազման հետ[2]։ Այդ ժամանակ որոշ մարդկանց մոտ սկսվում է միաժամանակ ներքին և արտաքին արյունահոսություն[2]։ Հիվանդությունն ունի մահացության բարձր ռիսկ՝ միջինում՝ 50%, վարակվածների 25-90% մահանում են[2]։ Այն հաճախ տեղի է ունենում մեծ քանակությամբ հեղուկի կորստի հետևանքով առաջացած արյան ճնշման նվազման պատճառով և հիմնականում հայտնաբերվում է ախտանշանների ի հայտ գալուց 6-16 օր հետո[3]։
Էբոլա վիրուսային հիվանդություն | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | Ebolavirus և Էբոլա[1] |
Փոխանցման ձև | կոնտակտային փոխանցում և haemocontact transmission of pathogen? |
Հիվանդության ախտանշաններ | սրտխառնոց, փսխում, գլխացավ, լուծ, տենդ, Պապուլա, հևոց, Հոդացավ, Կոնյունկտիվիտ, արյունահոսություն, Քթային արյունահոսություն, արյունազեղում, միալգիա, որովայնային ցավ և թունավորում |
Հետևանք | Western African Ebola virus epidemic? |
Վարակ տարածող | H. monstrosus?, E. franqueti?, Little Collared Fruit Bat? և մարդ |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում, Արյան ընդհանուր հետազոտություն, ELISEA?, viral culture?, Պոլիմերազային շղթայական ռեակցիա, Էլեկտրոնային մանրադիտակ և իմունֆլյուորեսցենտային մանրադիտակ |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 065.8 |
ՀՄԴ-10 | A98.4 |
Անվանվել է | Ebola River? |
Բուժում | Ցավազրկող դեղամիջոցներ, արյան փոխներարկում, hydration?, Արյան պլազմա, Անտիպիրետիկներ, intravenous fluid replacement? և սիմպտոմատիկ բուժում |
Ebola virus disease Վիքիպահեստում |
Վիրուսը տարածվում է օրգանիզմի հեղուկների հետ անմիջական շփման միջոցով, այդպիսին է վարակված մարդկանց կամ կենդանիների արյունը[2]։ Տարածումը նաև կարող է տեղի ունենալ վերջին ժամանակներում օրգանիզմի կենսաբանական հեղուկներով աղտոտված իրերի հետ շփումից[2]։ Պրիմատների, այդ թվում մարդկանց, շրջանում հիվանդության փոխանցումը օդով չի արձանագրվել ոչ բնական, ոչ լաբորատոր պայմաններում[4]։ ԷՎՀ-ից վերականգնվելուց հետո մարդու սերմնահեղուկը և կրծքի կաթը կարող են մի քանի շաբաթից մի քանի ամիս կրել վիրուսը[2][5][6]։ Թռչող աղվեսները համարվում են վիրուսի բնական ռեզերվուար, որոնք ունակ են փոխանցելու վիրուսը առանց նրա ազդեցությանն ենթարկվելու[2]։ Որոշ այլ հիվանդություններ՝ մալարիան, խոլերան, որովայնային տիֆը, մենինգիտը և այլ վիրուսային հեմոռագիկ տենդերը, կարող են հիշեցնել ԷՎՀ[2]։ Ախտորոշման հաստատման համար իրականացվում է արյան նմուշների հետազոտություն՝ վիրուսային ՌՆԹ, վիրուսային հակամարմիններ և նաև հենց վիրուսը հայտնաբերելու համար[2]։
Հիվանդության բռնկումների վերահսկումը պահանջում է համակարգված բժշկական ծառայությունների իրականացում և համայնքային ներգրավվածություն[2]։ Այն ներառում է արագ հայտնաբերում, ազդեցությանը ենթարկվողների հետ կոնտակտ ունեցողների հայտնաբերում, լաբորատոր ծառայությունների արագ հասանելիություն, վարակվածների նկատմամբ խնամք, մահացածների դիակների պատշաճ վերամշակում դիակիզման կամ թաղման ճանապարհներով[2][7]։ Հիվանդացածների հյուսվածքների և կենսաբանական հեղուկների նմուշների հետ պետք է վարվել յուրահատուկ զգուշությամբ[2]։ Հիվանդության տարածումը վարակված կենդանիներից մարդկանց կանխարգելելու համար անհրաժեշտ է պոտենցիալ վարակված վայրի կենդանիների մսի հետ գործ ունենալ միայն պաշտպանիչ հագուստով և ուտելուց առաջ միսը մանրակրկիտ եփել[2]։ Այն նաև ներառում է պատշաճ պաշտպանիչ հագուստի կրումը և ձեռքերի լվացումը, երբ շրջակայքում հիվանդությամբ տառապող մարդ կա[2]։ Էբոլայի դեմ պատվաստման վերաբերյալ հետազոտություն իրականացվել է Աֆրիկայում՝ խոստումնալից արդյունքներով[8]։ Սպեցիֆիկ բուժում չունի, սակայն պոտենցիալ բուժման մի քանի տարբերակներ հետազոտվել են[2]։ Այնուամենայնիվ, ջանքերը բարելավում են արդյունքները[2]։ Այն ներառում է բերանային ռեհիդրատացիոն թերապիան (թեթևակի քաղցր կամ աղի ջրի ըմպումը) կամ ներերակային հեղուկների ներարկումը, ինչպես նաև ախտանշանային թերապիան[2]։
Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1976 թվականին միաժամանակ երկու բռնկումներով․ մեկը՝ Նզարայում (քաղաք Հարավային Սուդանում), մյուսը՝ Յամբուկուում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), գյուղ Էբոլա գետի հարևանությամբ, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը[9]։ ԷՎՀ բռնկումները պարբերաբար տեղի են ունենում Ենթասահարայի արևադարձային շրջաններում[2]։ 1976-2013 թվականներին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրեց բոլոր 24 բռնկումները՝ ներառյալ 1,716 դեպք[2][10]։ Ամենամեծ բռնկումը եղել է Արևմտյան Աֆրիկայի համաճարակը, որն ընթացել է 2013 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի հունվար ամիսները՝ 28,616 դեպքերով և 11,310 մահերով[11][12][13]։ 2016 թվականի մարտի 29-ից այն այլևս չի համարվել արտակարգ իրավիճակ[14]։ Այլ բռնկումներ Աֆրիկայում սկսվել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 2017 թվականի մայիսին[15][16] և 2018-ին[17][18]։