Գլխավոր շուկա (Կրակովի հրապարակ)
From Wikipedia, the free encyclopedia
Գլխավոր շուկա (լեհ.՝ Rynek Główny), Լեհաստանի կրակովյան հին քաղաքի կենտրոնն է ստեղծման օրվանից առ այսօր։ Այն ստեղծվել է 13-րդ դարում՝ 1257 թվականին Բոլեսլավ V-ի օրոք Մագդեբուրգյան իրավունք ստանալով։
Գլխավոր շուկա | |
---|---|
Գլխավոր Շուկայի տեսարան Սբ. Մարիամի Եկեղեցուց, կենտրոնում ծածկոցաշարքերը, որոնց հետևում քաղաքապետարանի աշտարակը, առաջին պլանում ձախից` Ադամ Միցկևիչի հուշարձանը | |
Տեսակ | market square? և հրապարակ |
Ստեղծում | 1257 |
Երկիր | Լեհաստան |
Բնակավայր | Կրակով |
Old Town Market Square in Kraków Վիքիպահեստում |
Միջնադարյան Եվրոպայի խոշորագույն հրապարակներից մեկն է[1]։ Զբաղեցնում է մոտ 40 000 մ² տարածք. քառակուսաձև է մոտ 200×200 մ² չափերով։ Տարիների ընթացքում հրապարակի շինությունները փոփոխվել են։ Դրանց մեծ մասը նեոդասական ոճի են, սակայն հիմնական կառույցներն ավելի հին են և դա երևում է ճարտարապետական դետալներից, ներքին հարդարանքից, շքամուտքերից։ Նկուղները միջնադարին են թվագրվում[2][3][4]։
Գլխավոր Շուկայական հրապարակում տեղակայված են պալատներ, եկեղեցիներ, սրճարաններ։ Հրապարակում առևտրային ծածկոցաշարքեր կան, որոնք եղել են ի սկզբանե, սակայն 1555 թվականին վերակառուցվել են իտալական վերածննդի ոճով։ Ծածկոցաշարքերի մի կողմում կանգնած է գրեթե հազարամյա ռոմանական ոճով կառուցված Սուրբ Վոյցեխի եկեղեցին և 1898 թվականին կառուցած Ադամ Միցկևիչի հուշարձանը, մյուս կողմում պահպանվել է Կրակովի հին քաղաքի քաղաքապետարանի միայն աշտարակը (1820 թվականին նոր հրապարակի կառուցման շրջանակներում քաղաքապետարանի շենքը քանդվել է, որի նկուղներում ժամանակին տեղակայված են եղել քաղաքային բանտը` միջնադարյան խոշտանգումների խցերով)։ Հրապարակում է գտնվում գոթական ոճով կառուցված Սուրբ Մարիամի եկեղեցին (Kościół Mariacki)։
Առևտրային կենտրոն ծառայելուց բացի հրապարակը բազում պետական իրադարձությունների կենտրոն է եղել և շարունակում է լինել։ Այդտեղ կազմակերպվել են թագավորների երդման արարողություններ[5] և մահապատիժներ։ 1794 թվականին Կոստյուշկոն ապստամբությունը սկսելու մասին հայտարարությունն ու երդումն այստեղ է տվել։
Գերմանական օկուպացիայի ժամանակ հրապարակը վերանվանվել է Ադոլֆ-Հիտլերի հրապարակ։ 1945 թվականի հունվարի 18-ին Կրակովի ազատագրումից հետո կրկին վերանվանվել է Գլխավոր Շուկա։
1978 թվականին հրապարակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ 2005 թվականին Եվրոպայի հանրային լավագույն տարածքների շարքն է դասվել[6][7]։ Ամբողջ աշխարհում ուշադրության արժանի այցելության 13 լավագույն վայրերից 9-րդն է ճանաչվել[8]։