Բնածին արատներ
From Wikipedia, the free encyclopedia
Բնածին արատներ, զարգացման արատներ, օրգանիզմի կառուցվածքի բնածին շեղումներ, որոնք առաջանում են ներարգանդային զարգացման ընթացքում։ Բնածին արատների պատճառ է դառնում վնասակար գործոնների ազդեցությունը պտղի օրգանների ձևավորման շրջանում (հղիության առաջին 6-12 շաբաթներ)։ Բնածին արատները կարող են լինել ժառանգական, կապված մուտացիաների դրսևորումների հետ (առաջացնում են զարգացման արատներ) և ոչ ժառանգական՝ ծագում են օրգանիզմի անմիջական ախտահարումից։ Բնածին արատներն առաջանում են մոր օրգանիզմից սաղմին անցնող անբարենպաստ գործոնների (ճառագայթային էներգիա, վնասվածքներ, հղիության ընթացքում արգանդի ճնշվածություն, բարձր ջերմություն, թունավոր նյութեր, մոր կամ սաղմի զանազան հիվանդություններ, պտղաթաղանթների, շուրջպտղային հեղուկի քանակության փոփոխություններ) ազդեցությունից։
Բնածին արատներ | |
---|---|
Դաունի համախտանիշով տղա | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Congenital diseases and disorders Վիքիպահեստում |
Հատուկ վտանգ են ներկայացնում ծնողների, հատկապես մոր, ալկոհոլամոլությունը, վեներական հիվանդությունները, հիմնականում՝ սիֆիլիսը։ Հաստատված է նաև հղիության ընթացքում կնոջ կրած մի շարք վիրուսային հիվանդությունների (կարմրուկ, կարմրախտ, տոքսիկ գրիպ, խոզուկ, վիրուսային լյարդաբորբ) պատճառական դերը։ Պտղի համար անբարենպաստ են ապագա մոր ոչ լիարժեք սնուցումը (հղի կնոջ և կերակրող մոր), ծխելը, ինչպես նաև ծնողների որոշ հիվանդություններ (օրինակ՝ մոր շաքարախտը), առանց հսկողության դեղանյութերի ընդունումը։ Առանձին դեպքերում երեխաների բնածին արատները հայտնաբերել չի հաջողվում։